Հայաստանի նոր կառավարությունը կհրաժարվի ծառայողական մեքենաների մի մասից
Հայաստանի կառավարության աշխատակազմը ծախսերի օպտիմալացման համար պատրաստվում է կրճատել ծառայողական մեքենաների քանակը 30 տոկոսով: Նախարարների կաբինետի աշխատակազմի ղեկավարը կարծում է, որ նախորդ կազմը չափազանց շատ փող էր ծախսում տրանսպորտի վրա, այդ պատճառով էլ կառույցի տնօրինության տակ գտնվող 110 մեքենաներից պետք է մնա մոտ 70-ը:
«Կարծում եմ, որ բյուջեի վրա վառելիքը չափազանց թանկ է նստում: Այստեղ իրոք կարելի է զգալիորեն տնտեսել», — ընդգծել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նա հայտարարել է նաև, որ նախորդ աշխատակազմը չափազանց ուռճացված է եղել, անհիմն և չարդարացված ծախսեր է թույլ տվել.
«Խոսքն, առաջին հերթին, ծառայողական մեքենաների, վառելիքի համար հատկացվող կտրոնների մասին է: Այդ ամենը հիմնավորված չի եղել, և դուք շուտով կհամոզվեք դրանում»:
Աշխատակազմի ղեկավարը չի բացառում, որ չարաշահումների մասին գործերը կարող են փոխանցվել Ազգային անվտանգության ծառայությանը:
Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելուց հետո նրա ձևավորած կառավարության որոշ անդամներ հրաժարվել են ծառայողական մեքենաներից: Մասնավորապես, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը թողել է իր տնօրինության տակ եղած 5 մեքենաներից 2-ը: Միրզոյանի օրինակին է հետևել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Իսկ մետրոյով երթևեկող կրթության նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարներն ակտիվորեն քննարկվում էին սոցցանցերում:
Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանում ընդունվի ծառայողական տրանսպորտից օգտվելու միասնական կարգ նախարարների կաբինետի բոլոր անդամների համար: