Հայաստանի նախարարներն առաջին անգամ երդում են տվել բարեխղճորեն կատարել պարտականությունները
Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում են տվել:
Երդման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի նստավայրում: Նախ երդում է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա գործադիր մարմնի մյուս անդամները:
Երդման արարողությունը նախտեսված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքով: Նույն օրենքով էլ սահմանվել է երդման տեքստը.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Կառավարության անդամները մինչ նախագահական նստավայր մուտք գործելը ասել են լրագրողներին, որ դեմ չեն երդման գաղափարին։
«Որքան պարտավորեցնող, այնքան լավ»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը երդումից առավել կարևորել է անձնական պատասխանատվությունը: