ՀՀ նախագահն անխուսափելի է համարում վարչապետի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի ու Արցախի բնակինչներին և սփյուռքահայությանը հրապարակվեց նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան Հայաստանի նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Նախագահի ուղերձի հիմնական միտքն այն է, որ Հայաստանում իրավիճակը կարող է կարգավորվել «Սահմանադրությանը համապատասխան՝ վարչապետի հրաժարականի կամ պաշտոնավարման դադարեցման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների» արդյունքում:
Սա այն հավաքական կարծիքն է, որը ձևավորվել է Արմեն Սարգսյանի կողմից՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո սկսած քաղաքական խորհրդակցությունների արդյունքում:
Փաստաթուղթը վրդովմունք է առաջացրել Հայաստանում: Հազարավոր մարդիկ և ընդդիմությունը կարծում են, որ վարչապետ Փաշինյանը անընդունելի համաձայնության է գնացել և ստորագրել Լեռնային Ղարաբաղը կամավոր Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթ: Ընդդիմությունը շարունակական բողոքի շարժում է սկսել և պահանջում է վարչապետի հրաժարականը:
Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու Արմեն Սարգսյանի առաջարկած ուղին բացառապես խորհրդատվական բնույթ է կրում: Հայաստանը խորհրդարանական երկիր է, և նախագահը մեծ լիազորություններ չունի: Ուստի իր ուղերձում նախագահը շեշտում է, որ ներկայացնում է երկրի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, սփյուռքի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների կարծիքը:
«Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական և միջազգային հանրային հարթակներում։ […] Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ», — ասվում է նախագահի ուղերձում:
Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար Արմեն Սարգսյանը կոչ է անում ժողովրդին միավորվել, իսկ քաղաքական գործիչներին՝ զսպվածություն և պատասխանատվություն դրսևորել․
«Ակնհայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը թևակոխում են նոր փորձությունների շրջան, որում յուրաքանչյուր սխալ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»: