Հայաստանի նախագահը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը ծիրանի ծառ են տնկել
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում:
Որպես բարեկամության խորհրդանիշ նախագահ Սարգսյանն ու դեսպան Միլսը դեսպանատան բակում ծիրանենի են տնկել:
Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին այցելության և շնորհավորանքի համար` նշելով, որ ուրախ ու հպարտ է Հայաստանի նախագահի հետ միասին ծիրանենի տնկել ԱՄՆ դեսպանատանը՝ ի նշանավորումն իր երկրի անկախության 241-րդ տարեդարձի և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի:
Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից սկսված սերտ համագործակցությունը, կարևորել «արագ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում» Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը:
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: