Հայաստանի խորհրդարանը պաշտոնից հեռացրել է երկու ընդդիմադիրի, այդ թվում՝ փոխխոսնակին
Ընդդիմադիր պատգամավորները հեռացվեցին պաշտոնից
Հայաստանի խորհրդարանը պաշտոնից հեռացրել է երկու ընդդիմադիրի՝ փոխխոսնակին և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահին։ Պաշտոնական հիմնավորումը նրանց անհարգելի բացակայություններն են: Գաղտնի քվեարկությանը մասնակցել են Ազգային ժողովի 107 պատգամավորներից 66-ը։ Բոլորը կողմ են քվեարկել որոշման նախագծերին։
Արդյունքում՝ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հետ կկանչվի պաշտոնից, իսկ հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի լիազորությունները կդադարեցվեն։
Սաղաթելյանն ու Հակոբյանը արտահերթ նիստին չէին ներկայացել։ Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, Ազգային ժողովի շենքի մոտ էր։ Նիստին զուգահեռ հանրահավաք էին անցկացնում։ Ընդդիմությունը շարունակում է պնդել՝ իշխանությունները, այդ թվում՝ օրենսդիրը զբաղված են անկարեւոր հարցերի քննարկմամբ՝ չնայած Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին:
Իրավիճակի բոլոր մանրամասները․ իշխող ուժի մոտեցումը, ընդդիմադիրների արձագանքը, ինչպես են լրացվելու թափուր պաշտոնները։
«Չեն կատարել հիմնական պարտականությունները»
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու մասին խոսում է արդեն մի քանի օր։ Նրանց լիազորությունների դադարեցման պատճառը անհարգելի բացակայություններն են, ըստ այդմ՝ հիմնական պարտականությունների չկատարումը։
2021 թվականի օգոստոսից մինչ օրս Ազգային ժողովի խորհուրդը գումարել է 25 նիստ, ընդդիմադիր փոխխոսնակը ներկա է եղել միայն 7-ին։
Հարցը զեկուցող պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ խորհրդարանի լիագումար, ինչպես նաև խորհրդի նիստերից բացակայելու հետևանքով Սաղաթելյանը չի կատարել իր «անմիջական պարտականությունները»։
«2022 թ․-ի առաջին կիսամյակի նիստերի 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա»,- տեղեկացրել է նա:
Ջուլհակյանի խոսքով՝ իշխող ուժը «նպատակ ունի հետագայում ընտրել ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի»։
Աժ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս եկած «Դիմադրություն» շարժման առաջնորդներից մեկն է։
Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած շարժումը սկսվեց ապրիլի վերջին, ակտիվ փողոցային պայքարը տևեց մոտ երկու ամիս։ Այս ընթացքում բոլոր ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել ԱԺ աշխատանքին։ Դրանից հետո հայտարարվեց մարտավարության փոփոխության մասին։ Այժմ ընդդիմությունը մտադիր է ընդլայնել պայքարը՝ մարզային կառույցներ ստեղծել, Արցախում և Սփյուռքում շարժումներ ձևավորել:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ, 342 քվեարկություններից 194-ին չի մասնակցել։
«ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը»,- հարցը զեկուցելիս ընդգծել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նրա խոսքով, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար ընտրվելուց հետո Վահե Հակոբյանը չի նախագահել այդ հանձնաժողովի 27 նիստերից 11-ը։
Ինչպե՞ս են լրացվելու թափուր պաշտոնները
Ընդդիմությունն ունի փոխխոսնակի և հանձնաժողովի նախագահի պաշտոններում թեկնածություն առաջադրելու իրավունք։ Ընդ որում, չառաջադրելու պարագայում իշխող ուժին կարող է փոխանցվել միայն հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Գործող օրենքի համաձայն՝ փոխխոսնակը պարտադիր պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։
Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբ՝ հարցը «այնքան երկրորդական» են համարել, որ մինչև այս պահը խմբակցությունում չեն քննարկել։
«Մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը, հավանաբար, դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները։ Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»,- «Ազատության» հետ զրույցում նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Խորհրդարանական մեծամասնությունը վստահեցնում է՝ այդ պաշտոնները լրացնելու մտադրություն չունի։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ եթե ընդդիմությունը սահմանված ժամկետում նոր թեկնածուներ չառաջադրի, պաշտոնները կմնան թափուր։
«Ձևավորման փուլում անհրաժեշտ է, որ բոլոր պաշտոնները լրացվեն, հետագայում նման խնդիր չի առաջանում ոչ Սահմանադրությամբ, ոչ ԱԺ կանոնակարգ օրենքով»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը:
Ընդդիմությանը պատժո՞ւմ են
Ընդդիմադիր գործիչներին պաշտոններից զրկելը շատերը կապում են քաղաքական գործընթացների և երկրում ընթացող բողոքի ակցիաների հետ։ Իշխող թիմը, սակայն, պնդում է՝ լիազորությունների դադարեցումը չունի քաղաքական դրդապատճառներ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի խոսքով՝ իրենց նպատակը ԱԺ բնականոն աշխատանքը վերականգնելն է։
«Մենք չենք պատժում իրենց փողոցում լինելու համար [նկատի ունի փողոցային պայքարը], պատժում ենք իրենց լիազորությունները չկատարելու համար»,- Factor TV-ի հետ զրույցում ընդգծել է նա։
Իշխող ուժը քննարկում է նաև ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ Փողոցային պայքարի մեկնարկից ի վեր այդ հարցը բազմիցս քննարկման առարկա է դարձել, կոնկրետ քայլեր, սակայն, դեռևս չեն ձեռնարկվել։ Օրերս լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նշել էր, որ կան 10 պատգամավորներ, որոնք թույլատրելիից ավելի բացակայություններ ունեն։
Հունիսի 27-ի առցանց ասուլիսի ընթացքում թեմային անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան ընդդիմադիրների պնդումների, թե իրենց մանդատ է տվել ժողովուրդը, և ոչ ոք դա չի կարող հետ վերցնել՝ Փաշինյանն ընդգծել էր, որ ժողովուրդը մանդատ է տվել երկրի օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում․ «Իսկ ՀՀ օրենսդրությունը, Սահմանադրությունը նախատեսում են ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, որը մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելին բացակայելու վերաբերյալ է»։
Փողոցային պայքարի ակտիվ փուլի ավարտից հետո ընդդիմության առաջնորդներից՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարվեց մանդատից։
Ընդդիմադիր պատգամավորները հեռացվեցին պաշտոնից