Հայաստանի խորհրդարանական երեք ուժ հաստատել է, որ կողմ է քվեարկելու վարչապետի համաժողովրդական թեկնածուի օգտին
Հայաստանի Ազգային ժողովի 3 խմբակցություններ կողմ են քվեարկելու վարչապետի միակ թեկնածու, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգտին։
Շուրջ 15 օր իշխանությունների դեմ փողոցային պայքար նախաձեռնած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է խորհրդարանական բոլոր 4 ուժերի պատգամավորներին և պատասխանել նրանց հարցերին: Հանդիպումներից հետո երեք քաղաքական ուժ հայտարարել է, որ վաղը՝ մայիսի 1-ին, Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրություններում կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին։
Դեռևս որոշում չի կայացրել խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները։ ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ իրենց դիրքորոշման մասին տեղեկություն կտրվի քվեարկությունից առաջ։
Նիկոլ Փաշինյանը կընտրվի Հայաստանի վարչապետ, եթե նրան կողմ քվեարկի 105 պատգամավորների բացարձակ մեծամասնությունը։ Իսկ եթե խորհրդարանում երկու անգամ տապալվի վարչապետի ընտրությունը, ապա, Ազգային ժողովը կցրվի և կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Դա հնարավոր է, եթե Հանրապետական մեծամասնությունը քվեարկի ձեռնպահ կամ չապահովի քվորում՝ նիստը գումարելու համար։
Ազգային ժողովում ընտրությունների ավարտից հետո վարչապետի նշանակման հրամանագիրը պետք է ստորագրի Հայաստանի նախագահը: Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ով էլ ընտրվի վարչապետի պաշտոնում, ինքը կստորագրի այդ հրամանագիրը: