Հայաստանի ազգային պատկերասրահը պահանջում է վերադարձնել իր հարյուրավոր ցուցանմուշնները, որոնք ժամանակավորապես տրամադրվել էին պետական հաստատություններին
Հայաստանի ազգային պատկերասրահը պահանջում է պետական կառույցներից վերադարձնել այն բոլոր արժեքավոր կտավները, որոնք թանգարանի կողմից ժամանակավորապես տրամադրվել էին օգտագործման: Պատկերասրահի ղեկավար Արման Ծատուրյանը պնդում է, որ նկարներն ապօրինի կերպով են պահվում:
Տարբեր պետական հաստատությունների 26 պայմանագրերի տրամադրման ժամկետը լրացել է:
«Նկարները տրամադրվում են առավելագույնը 3 տարի ժամկետով։ Կան պայմանագրեր, որ վաղուց ավարտվել են, և մշակույթի նախարարությունը վաղուց պետք է պահանջեր, որ այդ նկարները վերադարձնեն», — հաղորդել է Ազգային պատկերասրահի տնօրենը:
Այդ հարցով Արմեն Ծատուրյանը բազմիցս դիմել է մշակույթի նախկին նախարարներին: Սակայն նկարները պատկերասրահ չեն վերադարձվել:
Տնօրենի խնդրանքին արձագանքել է մշակույթի միայն ներկայիս նախարար Լիլիթ Մակունցը: Նա արդեն վերադարձրել է մշակույթի նախարարությունում գտնվող նկարներն, ինչպես նաև համապատասխան կոչով դիմել այլ կառույցների ղեկավարներին: Նախարարության հայտարարությունում ասված է. կտավները պետք է անհապաղ վերադարձվեն, այլապես հարցի լուծմամբ կզբաղվեն իրավապահ մարմինները:
Կոչին դեռևս արձագանքել են միայն արտակարգ իրավիճակների նախարարությունն ու գլխավոր դատախազությունը:
Ի դեպ, ԱԻՆ-ում ամենաշատն էին Ազգային պատկերասրահի տրամադրած նկարները: Այստեղ էր գտնվում 94 կտավ: Իսկ պատկերասրահի ամենաարժեքավոր ցուցանմուշները գտնվում են վարչապետի նստավայրում, կառավարության շենքում և խորհրդարանում:
«Կարգ կա, որը սահմանում է, որ այդ գերատեսչություններում կարող են նկարներ գտնվել, բայց եթե վերադարձնելու որոշում կայացվի, մենք միայն ուրախ կլինենք», — նշել է պատկերասրահի տնօրենը: