Հայաստանի ազգային շահերը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ
Հայաստանը դժվարությամբ, բայց հաղթահարեց 2021 թ-ը, որը լի էր սուր քաղաքական խնդիրներով։ Երկրում և դրա շուրջ խմորումներ էին տեղի ունենում, հարևանների հետ շփման տարբեր ձևաչափեր էին ստեղծվում, հայտարարություններ ստորագրվում, սակայն լուրջ փոփոխություններ, ինչպես կարծում են հայ քաղաքագետներն, ընդհանուր առմամբ, տեղի չեն ունեցել։ Նախորդ տարվա քաղաքական արդյունքների և իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին՝ ըստ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի։
- «Լավատեսության հիմք չկա, մենք փորձում ենք այն ստեղծել»․ Հայաստանի վարչապետ
- Հայաստանը՝ ճնշման տակ․ ի՞նչ է ուզում Բաքուն, ի՞նչ է սպասում Ռուսաստանը։ Մեկնաբանություն Երևանից
- 3+3 կամ 3+2․ խնդիրների լուծման նոր ձևաչափ Հարավային Կովկասում
Քաղաքական տարին չի համընկել օրացուցայինի հետ
«Այն սկսվել է 2020 թ-ի նոյեմբերից՝ Արցախյան պատերազմից հետո և ավարտվել Երևանի քաղաքապետի պաշտոնակությամբ ու Փաշինյանի մեծ ասուլիսով, հայ-թուրքական գործընթացի մասին խոսակցություններով և Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ նշանակելով։
Այն ամենն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և դրա շուրջ 2021 թ-ին արտաքին և ներքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսության տեսակետից, Արցախում ռազմական պարտության հետևանքն է։
2021 թ-ի առանձնահատուկ իրադարձությունների շարքում պետք է նշել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների դեկտեմբերյան հանդիպումը, որը երկրորդն էր եռյակի նոյեմբերյան հանդիպումից հետո [Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ]։ Դրա ընթացքում ձևավորվեցին շրջանակներ, որոնցով կսահմանվի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն Ադրբեջանի՝ դե ֆակտո Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։
Ընդհանուր առմամբ, իրական արտաքին քաղաքական տեսակետից չի կարելի ասել, որ ինչ-որ զգալի բան է տեղի ունեցել։
Բավականին շատ էին հայտարարությունները, որոնք նման էին հուշագրերի, սակայն դրանցով պայմանավորված լուրջ ակտիվություն չի եղել, քանի որ իրականում Հայաստանի և Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերը մեծապես չեն համընկնում։ Նրանց հաշտեցնել՝ անկախ կողմերի ցանկությունից կամ դրա բացակայությունից, չի ստացվում։ Նրանց շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև օբյեկտիվորեն հակասում են միմյանց։ Եվ անել այնպես, որ այդ խոչընդոտները հաղթահարվեն, պարզապես անհնար է»։
Նոր ստատուս քվո չկա
«Սովորաբար պատերազմներից հետո պայմանագրեր են ստորագրվում, այսինքն՝ նոր ստատուս քվո է ձևավորվում, երկրները որոշում են, թե ինչպես ապրել նոր իրողությունների պայմաններում։
Օրինակ՝ Եվրոպայում 30-ամյա պատերազմից հետո հայտնվեց Վեստֆալյան պայմանագիրը։ Նապոլեոնյան պատերազմներից հետո հայտնվեց Վիեննայի կոնգրեսը։ Առաջին աշխարհամարտից հետո Վերսալի պայմանագիրն էր։ Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունվեց Յալթա-Պոտսդամ համակարգը։
Այստեղ պատերազմ տեղի ունեցավ, իրավիճակ փոխվեց, բայց պայմանագիր չկա։ Պատկերացում այն մասին, թե ինչպես ենք շարունակելու ապրել, չկա։
Հին ստատուս քվոն մահացավ, իսկ նորը չի ծնվել։ Այս իրավիճակը գիտության մեջ կոչվում է «անոմիա»՝ նորմերի բացակայություն։
Գործընթացը, որով որոշվելու է, թե ինչպես ենք շարունակելու ապրել, տեղի է ունենում հենց հիմա, և այն դեռ որոշ ժամանակ կխլի, հնարավոր է՝ տարիներ և, հնարավոր է, տարբեր տիպի ճնշումների տեսքով, հիմնականում՝ Հայաստանի վրա, բայց նաև՝ միմյանց վրա կողմերի ճնշումների։
Այն, ինչ հետաքրքրում է մեզ և կարևոր է մեզ համար, ճնշումն է Հայաստանի վրա։ Սակայն դրան զուգահեռ կա նաև ճնշում, օրինակ, Թուրքիայի նկատմամբ։ Թուրքիան հույս ուներ դառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ [գործող համանախագահներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, որոնք Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի միջնորդներն էին մինչև 2020 թ-ի պատերազմը]։ Ըստ ամենայնի՝ Թուրքիային դա խոստացվել էր, բայց դա չհաջողվեց ստանալ։ Թուրքիան հավակնում էր Արցախում Ռուսաստանի հետ մեկտեղ խաղաղապահ առաքելություն ստանձնել, սակայն դա էլ ձախողվեց։
Հայաստանի վրա ճնշումը հիմնականում կոնսոլիդացված է։ Օրինակ՝ Հայաստանի նկատմամբ թուրքական և ադրբեջանական քաղաքականությունը միասնական է։ Նրանք ունեն միասնական նպատակներ, և չի ստացվում այնպես անել, որ այդ քաղաքականությունը փոխվի։
Դա ճնշումների համակարգ է։ Այն գործադրվում է տարբեր միջոցներով։
- Դիսկուրսիվ ճնշում։ Օրինակ՝ Ադրբեջանում նախագահի մակարդակով խոսվում է, որ ոչ մի Արցախյան խնդիր չկա, այն արդեն լուծվել է, ոչ մի Արցախ չկա, հետևաբար՝ խոսելու բան էլ չկա։
- Դիվանագիտական ճնշում՝ պարտադրանք, որ Հայաստանն ինչ-որ զիջումների գնա։
- Ուժային ճնշում։ Այն, ինչ տեղի է ունենում սահմանին, երբ ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժում է Հայաստանի տարածք և զբաղեցնում դրա տարածքները։
Այս ամենը հանգեցնում է խաղաղության համաձայնագրի մերժմանը։ Իրականում Ադրբեջանը չի ուզում ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել։ Բաքուն ուզում է հաղթել։
Այսինքն ուզում է ռազմական հաղթանակի արդյունքները ձևակերպել ինստիտուցիոնալ ձևով, այս իրավիճակից ստանալ հնարավոր ամեն ինչ։ Այդ պատճառով էլ այս շահերը համատեղել այնքան էլ չի ստացվում։
Կարծում եմ, որ այս գործընթացները դեռ ձգձգելու են, շատ բան չի ստացվելու, ինչ-որ ձևաչափեր են ստեղծվելու, հանձնաժողովներ, ինչ-որ հուշագրեր կամ հայտարարություններ են ստորագրվելու, սակայն ճնշման տակ որևէ իրական փոփոխությունների հասնել հնարավոր չի լինելու»։
Հայաստանը ստացել է երկու Բաքու
«Սա վերաբերում է նաև թուրքական գործընթացին։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է, հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, ակնկալվում է հանդիպում, սակայն ենթադրել, որ դրա կամ հաջորդ հանդիպումների արդյունքում բեկում կլինի և կհաջողվի լուծել բոլոր խնդիրները, չարժե, համենայնդեպս՝ կարճաժամկետ հեռանկարում։
Հայ-թուրքական հարաբերությունների կառուցման այս գործընթացը նոր չէ, այն գործարկվում է երրորդ անգամ։ Դրանցից արդյունքների հասնելուն մոտ էր միայն «ֆուտբոլային դիվանագիտությունը» [Հայաստանի նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը, որը Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրել էր՝ Երևանում երկու երկրների ֆուտբոլային հավաքականների խաղը դիտելու, որից հետո հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսվեց], բայց այն էլ տապալվեց։
Սա հետաքրքիր ֆենոմեն է։ «Ֆուտբոլային դիվանագիտությամբ» փորձում էին անհնար կամ շատ ավելի հավանական դարձնել 2020 թ-ի պատերազմը։ Սա թուրքական շահերն ադրբեջանականից տարանջատելու փորձ էր, որպեսզի Թուրքիան ղեկավարվի իր շահերով, այլ ոչ թե Ադրբեջանի։ Այդպիսի իրավիճակում զարգացումն այլ կլիներ։
Սակայն գործընթացը տապալվեց՝ չնայած դրա արտակարգ լրջությանն ու ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ ԱԳՆ և եվրոպական ներկայացուցիչների լուրջ ներգրավմանը։ Եվ այն տապալվեց Թուրքիայում ադրբեջանական լոբբինգի պատճառով։
Այսօր Հայաստանն ու Արցախը՝ մի կողմից Անկարայի, մյուս կողմից Բաքվի փոխարեն երկու Բաքու ունեն։ Հայաստանի նկատմամբ Թուրքիան նույն քաղաքականությունն է վարում, ինչ Ադրբեջանը։ Նրանք միաձուլվել են, և այդ քաղաքականությունը խախտելը բացարձակ անհնար է, համենայնդեպես՝ մոտ ապագայում»։
Լեռնային Ղարաբաղը՝ քաղաքական ինքնության կենտրոն
«Մինչև 2018 թ-ը Հայաստանում իշխանափոխությունը մշտապես տեղի է ունեցել ազգային օրակարգի, մասնավորապես, Արցախյան խնդրին առնչվող հռետորաբանության կարգախոսներով և օգնությամբ։ Լեռնային Ղարաբաղը միշտ քաղաքական ինքնության կենտրոն է եղել։
Տեր-Պետրոսյանի և՛ իշխանության գալը, և՛ հրաժարականը [Հայաստանի առաջին նախագահը, որն ընտրվել է ԽՍՀՄ կազմից երկրի դուրս գալուց հետո, պաշտոնավարել է 1991-1998 թթ-ին], և՛ Քոչարյանի իշխանության գալը [Հայաստանի երկրորդ նախագահ՝ 1998-2008 թթ․], և՛ Սարգսյանի իշխանության գալը [Հայաստանի երրորդ նախագահ՝ 2008-2018], և՛ նրա հեռանալը կապված են եղել արցախյան օրակարգի հետ։
2018 թ-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանության եկան մարդիկ, որոնք ոչ «թավշյա» հեղափոխության, ոչ էլ ընտրությունների ժամանակ չբարձրացրին արցախյան թեման։
Նրանք խոսում էին կոռուպցիայի, սոցիալական անարդարության մասին, ամեն ինչ կառուցված էր սոցիալական թեմայի շուրջ։ Սակայն այժմ Փաշինյանի դեմ հռետորաբանությունը կրկին կառուցվում է Արցախյան խնդրի վրա։ Ընդդիմությունը տարբեր աստիճանի էքսպրեսիվությամբ Փաշինյանին մեղադրում է Արցախյան հարցում դավաճանության մեջ՝ նկատի ունենալով Հայաստանի շահերը»։
Դարձ ի շրջանս յուր
«Ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմադրությունը ներկայիս գործընթացներին ակնհայտ է։
Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա այստեղ մենք ապատիա ենք տեսնում։ Այսօրվա դրությամբ ռեժիմի հիմնական հենարանը ոչ թե մարդկանց աջակցությունն է, այլ քաղաքականության անտարբերությունը։
Ընտրություններին [2021 թ-ի հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններն՝ Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո գոյացած ներքաղաքական ճգնաժամի լուծման նպատակով] մասնակցել է ընտրողների կեսը։ Նրանց 20%-ը քվեարկել է կուսակցությունների օգտին, որոնք խորհրդարան անցնելու շանս չունեին։ Դա «մերժող» քվեարկություն էր։
Մարդիկ էլ չէին ուզում քվեարկել Փաշինյանի օգտին, բայց պատրաստ էլ չէին իրենց ձայնը տալ Քոչարյանին, այսինքն՝ «նախկիններին»։ Եվ այս տրամադրությունները որոշիչ են։
Մենք վերադառնում ենք այն դասավորությանը, որը կար հեղափոխությունից առաջ, երբ մեկ ու կես կուսակցական համակարգում մի կուսակցությունից է ամբողջությամբ կախված որոշումների ընդունման գործընթացը, և դրա համար նրան ընդհանրապես պետք չէ ընդդիմությունը։ Եվ սա Սերժ Սարգասյանի ժառանգությունն է։ Նա Նիկոլ Փաշինյանին և ցանկացած հաջորդ իշխանությանը թողել է «փայլուն» Սահմանադրություն։
Սա դասական հիբրիդային ռեժիմ է, երբ ընդդիմադիր ուժեր խորհրդարանում կան, նրանք խոսելու, բողոքելու հնարավորություն ունեն, կա մամուլի բազմակարծություն, սակայն որոշումների ընդունման վրա դա գրեթե չի ազդում։ Այսինքն՝ մեկ ու կես կուսակցական համակարգի կառուցվածքն ու թույլ իշխանության և թույլ ընդդիմության կառուցվածքը վերականգնվել են։
Բացի այդ, վերականգնվել է իշխանության թույլ լեգիտիմությունը։ Հայաստանում թույլ իշխանություն է եղել մոտավորապես 1992-93-ից մինչև 2018-ը։ Իշխանությունը դրան հարմարվում էր, այդ ռեժիմում գոյատևելու տեխնիկայի տարբերակներ գտնում, որպես փաստ էր ընկալում օտարացումն ու այն փաստը, որ իրեն չեն սիրում։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանն իշխանության գալու պահին արդեն ոչ պոպուլյար էր, սակայն իշխանությունն այդ ամենի մեջ գոյատևել է և մեխանիզմներ մշակել։
Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության է եկել չափազանց մեծ պոպուլյարության պայմաններում, և դա նրա միակ գործիքն էր, որի օգնությամբ այն ինչ ուզում անում էր խորհրդարանի հետ։ Չնայած Ազգային ժողովում հանրապետականների ներկայությանը՝ նրանք արտահերթ ընտրություններ անցկացրին և այլն։ Բայց այդ ամենն ավարտվեց։
Այժմ հեղափոխականները պետք է սովորեն ապրել ցածր պոպուլյարության պայմաններում, ընդ որում՝ մարդկանց զգալի մասը նրանց մերժում է։
Ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր և լավագույնս ցուցադրում քաղաքագիտության մեջ հայտնի թեզը, որ պարզապես ինչ-որ մարդկանց փոխելով՝ հնարավոր չէ իրավիճակ փոխել։ Վատ տղաներին լավ տղաներով փոխարինելով չի փոխվում կառուցվածքը, ինստիտուցիաները, քաղաքական մշակույթը և այլն։
Սակայն պատմությունն ապացուցել է, որ դա հավերժական չէ։ Նման համակարգը բերում է ցնցումների, իշխանության ռոտացիայի, փոփոխությունների։ Այդպես եղավ կոմունիստների, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։
Հայաստանի առաջնորդների խնդիրը միշտ եղել է այն սխալ պատկերացումը, թե այդպես կարող է ձգվել հավերժ։ Եվ գործող իշխանությունը բացառություն չէ։ Դժգոհությունն, անտարբերությունն աճելու են, և վճռորոշ պահին գտնվելու է քաղաքական ուժ, որը կարողանալու է օգտագործել այդ դժգոհությունը, ինչպես դա արեց Փաշինյանը 2018 թ-ին։