Հայաստանը դարձավ ԵԱՏՄ միակ անդամը, որը Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիր վավերացրեց
Այսօր Հայաստանի Ազգային ժողովում միաձայն վավերացվեց Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այն ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Վավերացված համաձայնագիրը կանոնակարգելու է համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում:
Իշխանությունները հայտարարում են, որ այս համաձայնագիրը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար, այն երկրի արտաքին քաղաքականության առանցքային դրվագներից մեկն է: Հատուկ մատնանշվում է այն փաստը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության առաջին երկիրն է, որը վավերացրել է Արևմուտքի հետ նման կարևորության փաստաթուղթ:
«Սա մի քաղաքականության արտացոլում է, որը գրեթե ոսկերչական ճշգրտությամբ է իրականացվել: Հայաստանն այսօր Արևելյան գործընկերության միակ պետությունն է, որը լիարժեք անդամակցելով անվտանգության մեկ այլ բևեռի՝ ՀԱՊԿ—ի հետ, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, նման ամբիցիոզ համաձայնագիր է ստորագրել»,-ասել է իշխող «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Ընդդիմադիր որոշ պատգամավորներ նշում են, որ Հայաստանի իշխանությունները չափազանցնում են, երբ հայտարարում են, որ հաջողել են վարելով «և՛ Արևմուտքի հետ, և Ռուսաստանի հետ» քաղաքականություն:
Ըստ նրանց, Հայաստանն ուներ ավելի մեծ շանս` Եվրոպայից ավելին ստանալու, բայց զրկվեց դրանից, 2013 թվականին ձախողելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Դա տեղի ունեցավ, որովհետև հայկական կողմը հայտարարեց Ռուսաստանի առանցքի շուրջ ստեղծված Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին:
Ընդդիմությունն ու մի շարք փորձագետներ հայտարարում են. այժմ չափազանց կարևոր է, որ Հայաստանը կամք դրսևորի Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրով սահմանված բարեփոխումներն իրականացնելու համար:
«Խաղը սկսվում է համաձայնագրի վավերացումից հետո, թե արդյոք Հայաստանը կստեղծի՞ հակակոռուպցիոն մարմին՝ վստահելի մարդկանցով, ովքեր կպայքարեն այդ երևույթի դեմ: ՀՀ—ն կունենա՞ անկախ դատական համակարգ, տնտեսական մրցակցության հանձնաժողով, որը չլինի այնպիսին, ինչպիսին այսօր է»,- շեշտել է ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացնեն նաև Եվրամիության բոլոր անդամ-երկրները: Սակայն այն պարունակում է անցումային դրույթներ, որոնք կարող են ուժի մեջ մտնել Հայաստանի խորհրդարանի վավերացումից հետո՝ չսպասելով վավերացմանը Եվրամիության բոլոր երկրների կողմից: