Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, բայց մեկ պայմանով
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյան, JAMnews
Հայաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, եթե պահպանվեն անդամակցության պայմանագրով սահմանված դրույթները, մասնավորապես, չձեռնարկվեն քայլեր, որոնք կվնասեն անդամ-պետություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության հավանականության մասին օրերս Բաքվում խոսել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել այդ կառույցում»,- ասել էր նա:
Շավարշ Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը և, բնականաբար, ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը Հայաստանի կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար:
«Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը», — մանրամասնել է ԱԳ փոխնախարարը:
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Հայաստանը, ըստ էության, խնդիր չունի՝ կարող է Ադրբեջանի հետ մեկ միության կազմում լինել, ինչպես դա արվում է այլ կազմակերպությունների պարագայում: Սակայն Շարմազանովը կարծում է, որ Ադրբեջանը դժվար թե դադարեցնի ատելությունը հայերի նկատմամբ:
«Հայաստանը ժողղովրդավարական երկիր է և իր արտաքին քաղաքականությունը իրականացնում է ոչ թե ընդդեմ որևէ երկրի, օրինակ, ընդդեմ Ադրբեջանի կամ Թուրքիայի, այլ հանուն իր պետական շահի, հանուն իր քաղաքացու բարօրության:
Բազմաթիվ են օրինակները, երբ Հայաստանը և Ադրբեջանը մեկ կազմակերպության անդամ են: Խոսքը Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ-ի և այլ կազմակերպությունների մասին է: Չի նշանակում, որ Հայաստանը չպետք է առաջ տանի իր ազգային շահերը՝ լինելով Ադրբեջանի հետ որևէ մեկ կազմակերպության անդամ: Հայաստանը տարածաշրջանային կայունության ու խաղաղության կողմնակից է, Հայաստանը հակամարտությունների կողմնակից չէ, Հայաստանը 21-րդ դարի քաղաքակրթական արժեքների կողմնակից է»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Նա նշել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ է ԵԱՏՄ պայմանագրի բոլոր դրույթները կատարել, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է դեմ լինի դրա անդամակցությանը: