Բաքուն հրաժարվել է AZAL-ի ինքնաթիռի խոցման մեղավորներին պատժելու պահանջից
Համաձայնություն AZAL-ի վթարի գործի վերաբերյալ
Ապրիլի 15-ին Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությամբ պաշտոնապես հաստատվեց, որ 2024 թ․-ի դեկտեմբերի 25-ին ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից ադրբեջանական մարդատար ինքնաթիռի խոցումը չի եղել միտումնավոր։
Այսպիսով, կարելի է փակված համարել այն հարցը, որը մեկուկես տարի կտրուկ վատթարացրեց երկու երկրների հարաբերությունները։
Այս ընթացքում Ադրբեջանի նախագահը և այլ պաշտոնյաներ պահանջում էին, որ Մոսկվան պաշտոնապես ճանաչի իր մեղքը, պատժի պատասխանատուներին և փոխհատուցում վճարի զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Ողբերգությունը խլել է 38 մարդու կյանք, 29-ը ողջ են մնացել։
Այս երեք պահանջներից երկուսը բավարարվել են։
«2025 թ․-ի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը համաձայնության եկան հետևանքների կարգավորման, այդ թվում՝ փոխհատուցում վճարելու հարցի շուրջ»,— ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ողբերգության պատճառ է դարձել Ռուսաստանի օդային տարածքում ՀՕՊ համակարգի ոչ միտումնավոր ակտիվացումը։
Տեքստում խորին ցավակցություն են հայտնում զոհերի ընտանիքներին և ընդգծում, որ կայացված որոշումներն արտացոլում են դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացման փոխադարձ ցանկությունը։
Մասնագետները կարծում են, որ տասնութամսյա դիմակայության այս արդյունքն արտացոլում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ուժերի իրական հավասարակշռությունն ու իշխանությունների հարաբերությունների բնույթը։
Այս պահին հայտնի մանրամասները, մեկնաբանություն
Ավիավթարի պատմությունը
2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL-ին պատկանող Embraer E190 ինքնաթիռը, որը Բաքվից թռչում էր Գրոզնի (ինքնաթիռում կար 67 մարդ), վնասվել էր Ռուսաստանի օդային տարածքում՝ Գրոզնիի մոտակայքում, ռուսական Pantsir-S1 հակաօդային պաշտպանության համակարգի կրակից։
Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ վայրէջքի ժամանակ։
Ադրբեջանն անմիջապես որպես վթարի պատճառ նշել էր «արտաքին ազդեցությունը»։ Պաշտոնական ապացույցների թվում են ինքնաթիռի ֆյուզելյաժի բեկորային վնասը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում գրանցված GPS ազդանշանների խափանումը։
Մի շարք հայտարարություններում նախագահ Իլհամ Ալիևը պահանջել էր, որ Ռուսաստանը պաշտոնապես ներողություն խնդրի, պատժի պատասխանատուներին և փոխհատուցում վճարի։ Բաքուն պարբերաբար շեշտում էր, որ առանց այս հարցի լուծման երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումն անհնար է, ձգտում էր պահպանել իր դիրքը՝ որպես բանակցությունների պայմանները թելադրող կողմ։
Մեղքի մասնակի ընդունում և խոստումներ Դուշանբեի հանդիպման ժամանակ
2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը կատարեց իր առաջին հրապարակային խոստովանությունը։
Պուտինը հայտարարեց, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վրա արձակվել են երկու հրթիռներ, որոնք տեխնիկական անսարքության պատճառով պայթել են ինքնաթիռից մոտավորապես 10 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով բեկորները վնաս են հասցրել մարդատար ինքնաթիռին։
Ռուսական կողմը ներողություն խնդրեց և խոստացավ, որ «փոխհատուցում կվճարի, իսկ մեղավորները կպատժվեն»։ Այս հանդիպումը Ադրբեջանի կողմից ընկալվեց որպես մասնակի դիվանագիտական առաջընթաց։
Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ «Ալֆա Ստրախովանիեն» արդեն վճարել է AZAL-ին 1.003 միլիարդ ռուբլի, որը հավասար է ինքնաթիռի ապահովագրման արժեքին, իսկ տուժածներին և զոհերի ընտանիքներին փոխանցել է ընդհանուր առմամբ 358.4 միլիոն ռուբլի։
Բաքուն անմիջապես առարկեց՝ ընդգծելով, որ այդ վճարումները նախատեսված են ապահովագրական պայմանագրով և չեն կարող հավասարեցվել ռուսական պետությունից պահանջվող փոխհատուցմանը։
Դեկտեմբերի 26-ին արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից քրեական գործի փակումը «շատ լուրջ հարցեր» է առաջացնում։
Այսպիսով, ապրիլին հայտարարված «փոխհատուցման համաձայնագիրը» փաստացի իրենից ներկայացնում է ապահովագրության միջոցով արդեն մասամբ կատարված վճարումների քաղաքական ձևակերպում, մինչդեռ մեղավորներին պատժելու պահանջը փաստացի անհետացել է օրակարգից։
«Թուրան» գործակալության հետ կապված դրվագը
Վթարից որոշ ժամանակ անց «Թուրան» լրատվական գործակալությունը հրապարակել էր մանրամասներ. որոնց համաձայն՝ նույն ընթացքում Սանկտ Պետերբուրգ մեկնելիս նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ինքնաթիռը նույնպես բախվել էր GPS-ի խափանման Ռուսաստանի օդային տարածքում։
Նախնական նախազգուշացում ստանալուց հետո անձնակազմը դադարեցրել էր թռիչքն ու հետ վերադարձել։
Գործակալությունը շուտով հեռացրել էր լուրը, իսկ դրա ղեկավարը հրավիրվել էր պետական անվտանգության ծառայություն։ Ավելի ուշ գործակալությունը հայտարարեց իր գործունեությունը դադարեցնելու մասին։
Ինչո՞ւ Բաքուն զիջումների գնաց․ կարծիք
Մեկնաբանություն փորձագետից, որը ցանկացել է անանուն մնալ
«Այստեղ գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ Ադրբեջանը զիջումների գնաց։
Փաստերը ցույց են տալիս, որ Բաքուն ողջ 2025 թվականի ընթացքում պահպանում էր կոշտ դիրքորոշում, սակայն 2026 թվականի ապրիլին ընդունեց ավելի մեղմ կեցվածք՝ փաստացի փակելով հարցը։
Բացատրություններից մեկը տարածաշրջանային քաղաքական հաշվարկների փոփոխությունն է։
2025 թվականին և՛ պաշտոնական Բաքուն, և՛ նրան մոտ կանգնած վերլուծական համայնքը մատնանշում էին զգալի տեղաշարժեր. կային խոսակցություններ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների նոր փուլի, Իսրայելի և Ադրբեջանի ռազմավարական մերձեցման և Թուրքիայի հետ դաշինքի ամրապնդման մասին։
Միևնույն ժամանակ, օտարերկրյա վերլուծաբանները գրում էին, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը կարող է վերածվել Վաշինգտոնի հետ եռակողմ ձևաչափի, և որ Իրանի հետ լարվածության ֆոնին Բաքվի ռազմավարական նշանակությունը մեծանում է։
2025 թվականի մարտին ինքը՝ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարեց, որ Էնթոնի Բլինքենի պաշտոնավարումը «փչացրել է» ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, միաժամանակ խոսեց նոր վարչակազմից ավելի դրական ընթացքի ակնկալիքների մասին։
Սակայն այժմ իրավիճակը փոխվել է։
Ադրբեջանը ողջունում է ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունը։ Բաքուն հույս ուներ, որ այդ հակամարտությունը կամրապնդի իր դիրքերը, ուստի մի քանի օր անց վերաբացեց իր դեսպանատունը Թեհրանում։
Սա ցույց է տալիս առնվազն մեկ բան. այն սցենարը, որի դեպքում Իրանը կթուլանար և կդադարեր լինել տարածաշրջանային հիմնական խաղացող, չի իրականացել։
Այս պայմաններում Բաքուն ռիսկային է համարել միաժամանակ բաց առճակատում պահպանել և՛ Թեհրանի, և՛ Մոսկվայի հետ։
Ռուսաստանի հետ «դաշնակցային համագործակցության» հռչակագիրը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականից, մեծ մասամբ մնում է ձևական շրջանակ։ Մասնավորապես՝ եղել են հաղորդագրություններ այն մասին, որ այս գործում ներգրավված որոշ ռուս զինվորականներ հետագայում պաշտոնի բարձրացում են ունեցել։
Հետևաբար, ձեռքբերված համաձայնությունը, կարծես, «սահմանափակ ընտրության դիվանագիտության» մի ձև է. Իլհամ Ալիևը որոշել է չպնդել բոլոր սկզբունքային պահանջների իրականացումը, այլ հարաբերությունները պահել վերահսկելիության սահմաններում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Համաձայնություն AZAL-ի վթարի գործի վերաբերյալ