Հակասանիտարական պայմաններ, չկա ջուր և հողաթափեր. Ադրբեջանում կարանտինի մեջ գտնվող մարդիկ բողոքում են սարսափելի պայմաններից
Ադրբեջանի հարավ-արևելքում գտնվող Աստարա քաղաքի կենտրոնական հիվանդանոցում կարանտինի մեջ գտնվող անձինք բողոքում են հակասանիտարական վիճակից և տարրական պայմանների բացակայությունից: Այդ մասին նրանք պատմում են տեսահոլովակում, որը հրապարակել է Meydan.TV-ն:
Այդ տեսահոլովակում կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող որոշ անձինք ցույց են տալիս իրենց հիվանդասենյակները և սանհանգույցները՝ թվարկելով խնդիրները.
«Զուգարաններում ծորակները կոտրված են, ջուր չի գալիս, ամեն ինչ կեղտոտ է: Մեզ նույնիսկ հողաթափեր չեն տվել, մենք բոլորս շրջում ենք այն կոշիկներով, որոնցով ընկել ենք այստեղ: Ոչ սպիրտ կա, ոչ էլ ախտահանման ինչ-որ միջոց, ընդհանրապես ոչինչ չկա: Մեր ձեռքերը լվանում ենք ամենաէժան օճառով, ավելին, հինգ մարդ նույն օճառով: Ճաշասենյակը ընդհանուր է բոլորի համար, և այն բոլորովին չի մաքրվում: Մի՞թե սա կարանտին է: Այստեղ նույնիսկ առողջ մարդը կհիվանդանա», — ասում են նրանք:
Նրանք ուզում են, որ իրենց լսի երկրի նախագահը և միջոցներ ձեռնարկի:
Միևնույն ժամանակ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ բոլոր հիվանդանոցներում, որտեղ կարանտին է սահմանված, ստեղծված են համապատասխան պայմաններ:
Ադրբեջանում արձանագրված է կորոնավիրուսի երեք դեպք, և ավելի քան 200 մարդ գտնվում է կարանտինի մեջ: Հիմնականում նրանք բոլորը Իրանից են եկել:
• Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը. վարակվածը և նրա հետ շփում ունեցած 31 անձինք մեկուսացված են