Հայաստան, կորոնավիրուս։ «Վարակվածների թվի կտրուկ անկում չենք կարող ակնկալել»
Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում իրավիճակը կայունացել է, սակայն վարակվածների թվի կտրուկ անկում չի լինի։ Արսեն Թորոսյանն իր կանխատեսումը, նախևառաջ, բացատրում է տնտեսական ակտիվությամբ, այսինքն՝ վերագործարկված ձեռնարկությունների քանակով։
Բացի այդ, կորոնավիրուսով վարակման գագաթնակետի հաղթահարումից հետո պարետատունը որոշել է թույլատրել երկիր մուտք գործել նույնիսկ երկրի քաղաքացի չհանդիսացող անձանց։ Վերադարձող քաղաքացիների և արտասահմանցիների ենթադրյալ թիվը բուժաշխատողներին առիթ է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում օրական ոչ պակաս, քան 250 դեպք կարձանագրվի։
Այդ առնչությամբ կառավարությունը հաստատել է Ասիական զարգացման բանկի հետ դրամաշնորհային համաձայնագիրը, որով Հայաստանը երկու միլիոն դոլար կստանա կորոնավիրուսի եմ պայքարի համար։
Կորոնավիրուսային իրավիճակի գնահատական
Առողջապահության նախարարը հաղորդել է, որ «բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը մնում է թեթև և կառավարելի»։ Երկրի հիվանդանոցներում արդեն բավականաչափ մահճակալներ են ստեղծվել վարակվածների բուժման համար, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում։
Միաժամանակ Արսեն Թորոսյանը նախազգուշացնում է, որ վարակի տարածման տեմպերի նվազման միտումը կանգնել է։
Նրա խոսքով՝ ամենամտահոգիչ իրավիճակը Վանաձոր քաղաքում է։
Այստեղ զանգվածային թեստավորում է իրականացվել, և քաղաքի տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաներում 200 թեստից 50–ը դրական է եղել։
Հայաստանի վարչապետը կրկին կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել, պահպանել կյանքի նոր նորմերը՝ չնայած վարակվածների թվի նվազմանը։ Այլապես, Փաշինյանի խոսքով, իրավիճակը երկրում կարող է կրկին վատթարանալ․
«Մեր քաղաքականությունը եղել է այն, որ մենք ասել ենք՝ որևէ քաղաքացի առանց բուժօգնության պետք է չմնա, և փառք Աստծո, կարողացել ենք դա ապահովել և կապահովենք՝ առնվազն այն ծավալների պարագայում, ինչ ունեինք հուլիսի սկզբին: Մենք գիտենք, որ 100 նոր դեպքից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու։ Մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով»։
Ինչպես է օգտագործվելու Ասիական բանկի դրամաշնորհը
Երկու միլիոն դոլարի դրամաշնորհով պլանավորվում է բժշկական սարքավորումներ և միկրոկենսաբանական լաբորատորիաների համար տեխնիկա, պաշտպանության անհատական միջոցներ, թեստավորման համար ռեագենտներ ձեռք բերել։
Առողջապահության նախարարը հաղորդել է, որ Զարգացման ասիական բանկն առաջին անգամ չէ, որ աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ավելի վաղ երկրին տրամադրվել էին շարժական թվային ռենտգենի սարքեր, արյան անալիզատորներ։