«Եթե վարակվել ու լավացել ենք, 100% երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի» - Հայաստանի առողջապահության նախարար
Հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 535–ով և դարձել 29 820:
Մահացել է ևս 18 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 521-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նրանց թվում են այս անգամ երկու երիտասարդ կին՝ 34 և 39 տարեկան։
Առողջացել է ևս 520 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 17 427։ Շարունակում են բուժում ստանալ 11 708-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 127 171 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 083:
● Հայաստանի վարչապետի գործունեությունից գոհ է բնակչության մեծ մասը․ GALLUP International–ի հարցում
● Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման հերթում է
Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք էլ արագ զբաղեցվում են։ Այս մասին հուլիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արսեն Թորոսյանը։
Ըստ նախարարի՝ աշխարհում դեռ շարունակվում է ակադեմիական դեբատը․ մարդն այս վիրուսով կարո՞ղ է կրկնակի վարակվել, թե՞ ոչ, և առայժմ ստույգ պատասխան չկա։
«Մենք պետք է առնվազն զգույշ լինենք, նույնիսկ եթե վարակվել ու լավացել ենք, դա 100% երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի», — զգուշացրել է նախարարը։
Թորոսյանն անդրադարձել է նաև արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտության հարցին․
«Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ: Բայց մենք նաև մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին, այսինքն, եթե արտակարգ դրությունը դադարի, ապա մենք հնարավորություն ունենք օրենսդրական մակարդակում պարտադրել մեր ազգաբնակչությանը պահպանել կանոնները՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորություն և այլն»: