Կորոնավիրուսի երկրորդ դեպքը Վրաստանում։ Վարակը հայտնաբերվել է Իտալիայից վերադարձած կնոջ մոտ
Կորոնավիրուսի ևս մեկ դեպք է Վրաստանում հաստատվել լաբորատոր ստուգման արդյունքում։
Վարակը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որը հնգօրյա ուղևորություն էր ունեցել դեպի Իտալիա։ Նա երկիր է վերադարձել Քութայիսիի օդանավակայանով։ Ժամանման օրը 31-ամյա կինը ոչ մի ախտանիշ չի ունեցել, սակայն հաջորդ օրը նրա ինքնազգացողությունը վատթարացել է, և նա բժշկի է դիմել։
Հիվանդի վիճակը ներկա պահին բավարար է։ Նա գտնվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ըստ կլինիկայի ներկայացուցչի՝ ներկա պահին ջերմություն կամ այլ ախտանիշներ չկան։
•Ինչպե՞ս Վրաստանը «դիմավորեց» կորոնավիրուսի առաջին դեպքը։ Իշխանությունների և քաղաքացիների արձագանքը
Մասնագետներն այժմ համաճարակային հետազոտություն են անցկացնում, այսինքն՝ փնտրում են մարդկանց, որոնք շփվել են վարակված կնոջ հետ նրա՝ Վրաստան վերադառնալուց հետո։
Այժմ Լուգարայի անվան լաբորատորիան ստուգում է ևս երկու պացիենտի։
«Չի բացառվում, որ նրանց մոտ ևս կորոնավիրուս հայտնաբերվի», — ասել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Ներկա պահին Վրաստանում կարանտինում է 87 մարդ։ Նրանցից 35–ը մանկական բաժանմունքներում են։
Մասնագետները հորդորում են Իտալիայից վերադարձած բոլոր քաղաքացիներին մեկուսացման մեջ մնալ 14 օր։ Եթե որևէ մեկի մոտ այդ ընթացքում ի հայտ գա ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, դիմել բժշկի։
Ավելի վաղ վարակը հայտնաբերվել էր Վրաստանի քաղաքացու մոտ, որն Իրանից էր վերադարձել Ադրբեջանի տարածքով։