Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում նվազում են, բայց վարակը դեռ չի նահանջում
Հայաստանում առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել, թեև կորոնավիրուսի տարածման տեսանկյունից դրական դինամիկա է նկատվում։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարը։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ թվերը նվազում են ընդհանուր թեստերի տոկոսով, իջնում է վարակվածների բացարձակ թիվը:
«Ամեն դեպքում, հերթի մեջ եղած մեր քաղաքացիների թիվը մեծ է: Այսօրվա տվյալներով [խոսքը նոյեմբերի 18-ի մասին է]` հոսպիտալացման հերթի մեջ ունենք 375 քաղաքացի: Նրանցից շատ ծանրը 25-ն են: Հավանաբար, կկարողանանք նրանց օրվա մեջ հոսպիտալացնել: Ասեմ, որ օրեր առաջ հերթում սպասողների թիվը 800-ից ավելին է եղել, ինչպես տեսնում ենք, այստեղ ևս նվազում կա:
Այո, տարբեր ցուցանիշներում նվազում նկատվում է, սակայն հոսպիտալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը չի թուլանում: Ծանր դեպքերը երկար են պառկում, շաբաթներ են տևում, համակարգի վրա դեռ թեթևություն չենք զգում», — ասել է նախարարը:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1 520-ով՝ հասնելով 121 979-ի։ Չի հաջողվել փրկել ևս 31 պացիենտի կյանք։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1 870-ի։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդում է նաև, որ բուժվածների թիվն ավելացել է 8 319-ով և հասել 88 388-ի: Տվյալ պահին բուժում է ստանում 31 243 մարդ:
Անցած օրվա ընթացքում իրականացվել է 3 796 թեստավորում։ Համավարակի ընթացքում կատարված թեստերի ընդհանուր թիվը հասել է 475 986-ի: