Կորոնավիրուսի դեմ պայքարի գերարդյունավետ միջոցը անհատական պատասխանատվությունն է․ Հայաստանի վարչապետ
Մայիսի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 335-ով և հասել 5 606-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 162-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 2 581: Շարունակում են բուժում ստանալ 2 928 մարդ:
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով երկրում հաստատված նոր դեպքերի քանակին, եզրահանգել է, որ կորոնավիրուսի հետ կապված գործերը լավ չեն․
«Այսօր աշխարհում չկա երկիր, որ արձանագրի, թե 100 տոկոսով արդեն ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը և նոր գիտելիքի կամ նախկինում արձանագրված գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա։ Խնդրում եմ, եկեք արձանագրենք այս լրջությունը։
Ինձ համար գործնական և գաղափարական առումով կորոնավիրուսի դեմ պայքարի կա մի գերարդյունավետ միջոց՝ դա անհատական պատասխանատվությունն է։ Սրանից ավելի էֆեկտիվ միջոց չի կարող լինել»։
- Եթե չփոխենք կորոնավիրուսի տարածման տեմպը, կունենանք հարյուրավոր զոհեր — Փաշինյան
- Քաղաքական գործիչները՝ կորոնավիրուսի մասին։ Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում

Վարչապետն ասել է, որ պարետատունը անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի, իսկ ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության։
Ի դեպ, և՛ կառավարության ղեկավարը, և՛ նիստին մասնակցող նախարարներն առաջին անգամ կառավարության նիստին ներկայացել էին դիմակներով։