Կորոնավիրուսը Վրաստանում. ևս 14 մարդ սպասում է լաբորատորիայի վճռին
Վրաստանի հիվանդանոցները մարտի 2-ին ընդունել են ևս 14 քաղաքացու. երկուսին Քութայիսիում, մյուսներին՝ Թբիլիսիում: Նրանց անալիզները ուղարկված են Լուգարի անվան լաբորատորիա, դրանց պատասխանները պատրաստ կլինեն օրվա երկրորդ կեսին: Տվյալ պահին Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակման կասկածանքով գտնվում են 40 մարդ:
•Կորոնավիրուս. ինչպիսի՞ն է պատկերը աշխարհում մարտի 2-ին: Փաստեր և թվեր
Հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում Լուգարի անվան լաբորատորիայում հետազոտվել են 171 կորոնավիրուսով պոտենցիալ հիվանդների անալիզներ: Հիվանդությունը հաստատվել է միայն երեքի մոտ՝ Իտալիայից ժամանած 31-ամյա կնոջ և Իրանից եկած երկու տղամարդու: Նրանք գտնվում են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված հիվանդասենյակներում, տվյալ պահին իրենց լավ են զգում և շարունակում են բուժումը: Կարանտինի մեջ շարունակում են գտնվել 97 մարդ: Կարանտինային միջոցառումներ ձեռնարկելու համար Վրաստանում ստեղծված են 5 մեկուսացված տարածքներ:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում շարունակում է գործել բարձր պատրաստականության ռեժիմ: Դպրոցները չեն աշխատում. գարնանային արձակուրդները սկսվել են վաղաժամ՝ մարտի 2-ից մինչև մարտի 16-ը:
Չեն աշխատում մանկապարտեզները: Նշված երկու շաբաթների ընթացքում դպրոցների և պարտեզների շենքերում կանցկացվեն ախտահանման աշխատանքներ: Ինչպես նաև մինչև մարտի 16-ը կասեցված է թատրոնների և կինոթատրոնների աշխատանքը: Հնարավորության դեպքում ախտահանումը կանցկացվի ամբողջությամբ՝ տրանսպորտում, գետնանցումներում, հասարակական վայրերում:
Կենտրոնի գլխավոր խորհուրդները.
• խուսափել մարդաշատ վայրերից,
• հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ ճամփորդություններից,
• կորոնավիրուսի հատկապես մեծ տարածում ունեցող երկրներից ժամանած մարդիկ պետք է անցնեն կարանտինային շրջան,
• հետևել անձնական հիգիենային, ավելի հաճախակի լվանալ ձեռքերը: