Կորոնավիրուսը գրոհում է Իրանը
Իրանի իշխանությունները հաղորդել են կորոնավիրուսով հիվանդանալու 18 և մահվան չորս դեպքերի մասին, պատմում է Radio Free Europe–ը։ Մինչ այս հաղորդվում էր հինգ հիվանդի առկայության մասին։
Հիվանդների մեծ մասն ու բոլոր չորս մահացածները Ղոմ քաղաքի բնակիչներ են կամ վերջերս են այնտեղ եղել։
Ղոմն Իրանի կրոնական կենտրոնն է։ Համաճարակի սպառնալիքի պատճառով այնտեղ փակվել են դպրոցներն ու հոգևոր ճեմարանները, չեղարկվում են ժամերգությունները։
Իրանը հայտարարել է Չինաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին։ Սահմանափակ քանակությամբ թռիչքներ են թույլատրված Չինաստանից իրանցիներին տարհանելու և չինացի բանվորներին հայրենիք վերադարձնելու համար։
Չինաստանը, որն Իրանի կարևոր առևտրային գործընկերն է, շարունակում է իրանական նավթ գնել՝ ի հեճուկս ամերիկյան պատժամիջոցների։
Իրանական հասարակությունն անվստահությամբ է վերաբերվում հիվանդների և մահացածների թվաքանակի մասին իշխանությունների հաղորդագրություններին։
Իրանական սոցցանցերը լի են գրառումներով, որոնցում մարդիկ պատմում են, որ իրենց հարազատներին բժիկները քիմիական պաշտպանության համազգեստով հիվանդանոց են տեղափոխում, նաև այն մասին, որ իշխանությունները հրաժարվում են նշել մահվան պատճառը։
Կորոնավիրուսի տարածման մասին աշխարհում
Փետրվարի 23
Փետրվարի 23–ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 77,968 դեպք։ Հիվանդների բացարձակ մեծամասնությունը նախկինի պես Չինաստանի Հուբեյ նահանգում է։
Սակայն ավելացել է նաև այլ երկրներում վարակի տարածման վիճակագրությունը։ Մասնավորապես, հիվանդանալու 433 դեպք է գրանցվել Հարավային Կորեայում, 122 դեպք՝ Ճապոնիայում, 62–ն՝ Իտալիայում, 32–ն՝ ԱՄՆ–ում։
Այսօրվա դրությամբ մահացել է 2,362 մարդ, ապաքինվել՝ 21,259 մարդ։
Աշխարհում կորոնավիրուսի տարածմանը կարելի է հետևել այս առցանց քարտեզի միջոցով։