Հայաստանում կորոնավիրուսից 33-ամյա կին է մահացել
Հունիսի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 596-ով և հասել 11 817-ի։
Բուժվածների թիվն ավելացել է 45-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 513։ Շարունակում են բուժում ստանալ 8 052 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս յոթ դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 183-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
- Քաղաքական գործիչները՝ կորոնավիրուսի մասին։ Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
- Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով 33 տարեկան կնոջ մահվան դեպքի մասին, ընդգծել է, որ վիրուսի և տարիքային շեմի հետ կապված պատկերացումները փոխվում են․
«Պետք է հասկանանք, որ ոչ մեկն անկախ տարիքից ու սեռից ապահովագրված չէ կորոնավիորսւային հիվանդույթունից: Մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք նոր իրողություններին:
Չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի տարեց, չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացի՝ դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, քաղցկեղ և այլն: Նրանք բոլորը կորոնավիրուսային հիվանդության ուղիղ թիրախի տակ են»։
Նախարարի խոսքով՝ ծանր վիճակում գտնվող պացիենտների քանակն ավելացել է․ երեկ օրվա երկրորդ կեսին 418 մարդ ծանր վիճակում էր, 81-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: