Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Հայաստանն առաջընթաց է գրանցել
Հայաստանը 2016թ.-ին կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի առաջընթաց է գրանցել: Այս մասին տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO):
Ըստ GRECO-ի եզրակացության, նախորդ տարի Հայաստանը հաջողությամբ իրականացրել է իրեն ներկայացված բոլոր առաջարկությունները՝ կոռուպցիոն իրավախախտումների քրեականացման ու քաղաքական ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ: Բայց խորհրդարանի անդամների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ առաջարկությունները չեն իրականացվել, իսկ դատավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ չեն իրականացվել առաջարկությունների 43%-ը։
Ի դեպ, այսօր Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի փաթեթը: Խորհրդարանի ընդդիմադիր ու իշխող մեծամասնության պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման օգտին:
Այս հանձնաժողովը նախորդներից տարբերվելու է իր կազմում նաև ընդդիմության ներկայացուցիչների առկայությամբ: