Կին-տրանսգենդերը փորձել է այրել իրեն Թբիլիսիի կենտրոնում
Կին-տրանսգենդերը փորձել է ինքնասպանություն գործել և հրկիզել է իրեն Թբիլիսիում քաղաքապետարանի առջև, որպեսզի ուշադրություն հրավիրի այն ճգնաժամի վրա, որում հայտնվել է:
Նրան փրկել են ոստիկանները և տեղափոխել հիվանդանոց բազմաթիվ այրվածքներով: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մադոննա Կիպարոիձեն դիմել է բողոքի այս ծայրահեղ ձևին, երբ հայտնվել է առանց տանիքի մնալու վտանգի առջև: Նա ասում է, որ ինքը մնացել է առանց աշխատանքի և չի կարողացել վճարել վարձակալած բնակարանի համար:
«Պետությունը հոգ չի տանում իմ մասին, և ինձ ուրիշ բան չի մնում, քան ինքնասպանություն գործել, որպեսզի իմ խնդիրների վրա ուշադրություն հրավիրեմ», — ասել է Կիպարոիձեն քաղաքապետարանի առջև տրանսսեքսուալների ցույցի ժամանակ:
Հենց այդ ցույցի ժամանակ էլ նա փորձել է ինքնասպան լինել:
- Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը. ո՞ւմ կօգնեն և ինչո՞վ
- Կյանքն՝ ատելությամբ շրջապատված: ԼԳԲՏ համայնքն ու նրանց ծնողները Վրաստանում
- Վերաբերմունքը ԼԳԲՏ-ին. Ադրբեջանում, Թուրքիայում, Հայաստանում և Ռուսաստանում իրավիճակն ամենածանրն է
Կին-տրանսգենդերները, որոնք մասնակցել են ակցիային, ասում են, որ իրենք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Նրանց մեծ մասին ընտանիքները չեն ընդունել, և նրանք ստիպված են տուն վարձել և շատ աշխատել:
Կորոնավիրուսի համավարակը նրանց դրությունը ավելի է բարդացրել:
Ընդհանուր առմամբ, տեղեկությունների համաձայն, Վրաստանում ապրում է 50 կին-տրանսգենդեր: Երբ նրանք մնացին առանց աշխատանքի, հասարակական կազմակերպությունները օգնեցին նրանց վճարել մեկ ամսվա վարձակալության վճարը:
Այժմ հարկավոր է վճարել երկրորդ ամսվա համար, և նրանք օգնություն են խնդրում պետությունից: Նախ և առաջ նրանց հարկավոր է ինչ-որ բնակության վայր: Մինչ այժմ ոչ Թբիլիսիի քաղաքապետարանը, ոչ մի այլ պետական կառույց նրանց ոչ մի օգնություն չեն ցուցաբերել:
«Ես չգիտեմ ինչ ասել այն պետության մասին, որը չի կարողանում օգնել հասարակության կողմից ամենամոռացված ընդամենը 50 մարդկանց և ընդամենը մեկ կամ երկու ամիս», — ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Իդա Բախտուրիձեն:
«Շարժում հանուն հավասարության» կազմակերպությունը դիմել է կառավարությանը խնդրանքով՝ աջակցել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին դժվար պահին:
«Կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումներից ամենաշատը տուժել են հենց տրանսգենդերները: Աշխատանքը կորցրել են շատերը, բայց այս մարդիկ չունեն նաև սոցիալական աջակցություն, ընտանիքից և հարազատներից օգնություն չեն ստանում», — ասվում է հայտարարության մեջ:
Քաղաքացիական ակտիվիստները տեսանյութ են պատրաստել՝ գործազուրկ մնացած տրանսսեքսուալներին օգնելու կոչով: Տեսանյութում նկարահանվել են նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները:
This project is funded through the Democracy Commission Small Grants Program, U.S. Embassy Tbilisi. The contents of this publication are those of the Author(s) and do not necessarily represent the views of the Department of State.