«Ռազմաօդային ուժերի արդիականացման բաղադրիչ»․ հայ փորձագետը՝ չեխական ինքնաթիռների գնման մասին
Կարծիք ՀՀ-ի՝ չեխական ինքնաթիռներ գնելու մասին
Պաշտոնական այցով Չեխիայում է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այցի շրջանակում նա այցելել է նաև Aero Vodochody ռազմարդյունաբերական ընկերություն։ Հաղորդվում է, որ Պապիկյանը հանդիպել է ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շրջայց կատարել՝ ծանոթանալով արտադրանքի նմուշներին։
«Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Պաշտպանության նախարարը։
Պապիկյանը նաև լուսանկարներ է հրապարակել՝ դրանք վերնագրելով «ՀՀ Զինված ուժերի ավիացիայի պատմության նշանակալի օրերից մեկը»։ Հրապարակված տեսանյութից և լուսանկարներից փորձագետները ենթադրել են՝ նախապատրաստվում է Հայաստանի ռազմաօդային ուժերին չեխական L-39 Skyfox ինքնաթիռների մատակարարման գործընթացը։ Խոսքը L-39 ընտանիքի նոր սերնդի ռեակտիվ ուսումնամարզական ինքնաթիռների մասին է։
Ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանն ընդգծել է՝ ավիացիոն տեխնիկայի սահմանափակ պարկ ունեցող ՀՀ-ը կարող է L-39 Skyfox ինքնաթիռներն օգտագործել ոչ միայն ուսումնամարզական նպատակներով, այլև առանձին օպերատիվ խնդիրների իրականացման համար։
«Ինքնաթիռների ձեռքբերումը կարող է դառնալ ռազմաօդային ուժերի արդիականացման գործնական բաղադրիչ, թեև դրա մասշտաբները դեռևս թույլ չեն տալիս խոսել հայկական ռազմական ավիացիայի մարտական ներուժի էական փոփոխության մասին»,- Civilnet-ի իր հոդվածում գրել է նա։
Կարծում է՝ թվով չորս է L-39 Skyfox ինքնաթիռների ձեռքբերումը կարող է դառնալ առաջին խմբաքանակը՝ օդաչուների պատրաստման նոր համակարգի և ուսումնական նոր ծրագրի անցնելու համար։ Ըստ Առաքելյանի՝ եթե այս ձեռքբերումը ռազմաօդային ուժերի ավելի լայն վերակազմավորման մաս է, ապա տրամաբանական հաջորդ քայլ կլինի ավիապարկի հետագա ընդլայնումը։
L-39 Skyfox-ը նոր սերնդի ռեակտիվ ուսումնամարզական ինքնաթիռ է, որը նախատեսված է օդաչուների հիմնական և խորացված պատրաստման համար։ Այն հագեցած է ժամանակակից թվային ավիոնիկայով, բազմաֆունկցիոնալ էկրաններով և վիրտուալ ուսուցման ներկառուցված համակարգով, որը թույլ է տալիս ուսումնամարզական թռիչքների ընթացքում մոդելավորել մարտավարական տարբեր իրավիճակներ։
Defense Mirror-ի տվյալներով՝ մեկ Skyfox-ի արժեքը 10 մլն դոլարից պակաս է։ Փաստացի գինը կախված է համալրումից և մատակարարման պայմաններից։
Կախված համալրումից՝ ինքնաթիռը կարող է զինվել ավիացիոն սպառազինությամբ, հետախուզական սարքավորումներով և արտաքին կախովի լրացուցիչ համակարգերով։ Դա թույլ է տալիս այն օգտագործել սահմանափակ հարվածային և հետախուզական խնդիրների իրականացման, ինչպես նաև դանդաղաշարժ և ցածր թռչող օդային թիրախների առանձին կատեգորիաների խոցման համար։
Պաշտպանության նախարարի՝ Չեխիա կատարած այցի մանրամասները, մեկնաբանություն
- «Ոտնձգություն ՀՀ քաղաքացու կյանքի նկատմամբ»․ ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ ոտքին
- ՀՀ բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մասին. թվեր և կարծիքներ
- «ՀՀ Զինված ուժերը շարունակելու են սպառազինվել նորագույն տեխնիկայով»․ Պաշտպանության նախարար
Ի՞նչ է հաղորդվել Պապիկյանի այցի մասին
Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Չեխիա է մեկնել հոկտեմբերի 20-ին։ Այցի շրջանակներում նա մասնակցել է Future Forces Exhibition & Forum ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել ցուցահանդեսի տաղավարներում և ծանոթացել պաշտպանական արդյունաբերության ոլորտում ներկայացված նորագույն տեխնոլոգիաներին, սպառազինության ու ռազմական տեխնիկայի առաջատար նմուշներին։
Նախարար Պապիկյանը հանդիպել է Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի հետ։ Նախարարների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Հայաստանի ՊՆ փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են՝
- պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական,
- ՀՀ բանակի բարեփոխումներին և ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
«Երկուստեք կարևորվել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, Սուրեն Պապիկյանը երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել նաև Չեխիայի առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։
Փորձագիտական կարծիք
Ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանի խոսքով՝ դեռևս մեկ ամիս առաջ էր չեխական ռազմարդյունաբերական ոլորտի աղբյուրը հայտնել էր, որ AERO Vodochody Aerospace ընկերությունը ՀՀ համար արտադրում է չորս L-39 Skyfox ինքնաթիռ։ Տեղեկությունը տարածել էին մասնագիտացված լրատվամիջոցները։ Արտադրողը, սակայն, չէր բացահայտել պատվիրատուին և գործարքի պայմանները։
Հիշեցրել է՝ Հայաստանի ռազմաօդային ուժերում արդեն իսկ շահագործվում էին չեխական L-39 Albatros ուսումնամարզական ինքնաթիռներ, որոնք ձեռք են բերվել 2004 և 2010-2011 թվականներին՝ օգտագործված վիճակում։ Առաքելյանի փոխանցմամբ՝ դրանց մի մասը գնվել է Ուկրաինայից։
«Հայտնի չէ, թե ներկայում այդ ինքնաթիռներից քանիսն են շարունակում գտնվել Հայաստանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ և պիտանի կանոնավոր թռիչքների համար»,- նկատել է նա։
L-39 Albatros-ը կիրառվել է ռազմական օդաչուների պատրաստման նպատակով։ Փորձագետի պնդմամբ՝ ինքնաթիռների տարիքը, տեխնիկական վիճակը և օդանավային սարքավորումների սահմանափակ հնարավորությունները աստիճանաբար մեծացրել են ուսումնամարզական ավիապարկի արդիականացման անհրաժեշտությունը։
Առաքելյանի դիտարկմամբ՝ Skyfox-ի ձեռքբերումը տեղավորվում է Հայաստանի որդեգրած քաղաքականության, այն է՝ սպառազինության մատակարարման աղբյուրների բազմազանեցման և եվրոպական պաշտպանական արդյունաբերության արտադրողների հետ կապերի զարգացման շրջանակում։
«Համագործակցության համար լրացուցիչ հիմք է ստեղծում նաև հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, որը գործում է 2023 թ․-ից»։
Նախարար Պապիկյանի հրապարակումն, ըստ նրա, վկայում է, որ Skyfox-ի ձեռքբերումը գործնական փուլ է թևակոխել։ Ասում է՝ քանի դեռ գործարքի պայմանները պաշտոնապես հրապարակված չեն, բաց են մնում փաստացի արժեքի, մատակարարման ժամկետների, ինքնաթիռների համալրման և սպասարկման, այդ թվում՝ արտադրողի տեխնիկական աջակցության ու մասնագետների ուսուցման հետ կապված հարցերը․
«Չորս Skyfox-ի մատակարարումը վկայում է ոչ թե հայկական ռազմական ավիացիայի քանակական հզորացման, այլ ուսումնամարզական ավիացիոն հարթակի սերնդափոխության մասին»։
Ռազմական փորձագետը վստահ է՝ գործարքի հիմնական նշանակությունը կախված կլինի նրանից, թե արդյոք այն կմնա առանձին ձեռքբերում, թե կդառնա օդաչուների պատրաստման համակարգի և ռազմաօդային ուժերի կազմի ավելի լայն վերակազմավորման առաջին փուլը։
Կարծում է՝ վերակազմավորման տարբերակի պարագայում Skyfox-ը կարող է կապող օղակ դառնալ ներկայիս ուսումնամարզական ավիացիայի և ապագա մարտական ինքնաթիռների միջև։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիք ՀՀ-ի՝ չեխական ինքնաթիռներ գնելու մասին