Կարանտինը Ադրբեջանում երկարաձգվել է ևս մեկ ամսով. բացվում են թանգարանները և ցուցասրահները
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ադրբեջանում հայտարարված կարանտինը երկարաձգում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Մարդկանց տեղաշարժը մայրաքաղաքից շրջաններ և հակառակը մնում է արգելված, հանգստյան օրերին ավտոբուսները չեն աշխատելու, առևտրի կենտրոնները չեն բացվելու: Մեղմացումները վերաբերում են միայն թանգարաններին, որոնք փակ էին վերջին վեց ամիսներին:
• Հայաստանում այլևս չի երկարաձգվի կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը
Ադրբեջանի նախարարների կաբինետին առընթեր օպերատիվ շտաբի որոշմամբ երկրի սահմանները փակ կմնան մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Բացառություն են միայն չարթերային թռիչքները, որոնց ժամանակացույցը նախապես հաստատվում է կառավարության կողմից:
Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնյան շրջանի բնակիչներին դեռ չի թույլատրվում այցելել երկրի այլ շրջաններ, իսկ շրջանների բնակիչների համար փակ է մայրաքաղաքի մուտքը: Չի թույլատրվում առևտրի կետերի և Բաքվի մետրոպոլիտենի աշխատանքը: Այդ արգելքը գործում է հունիսի 20-ից:
Բաքվում ավտոբուսները, ինչպես և մինչ այդ, կաշխատեն միայն աշխատանքային օրերին, հանգստյան օրերին հասարակական տրանսպորտի երթևեկությունը արգելված է մինչև սեպտեմբերի վերջը:
Սեպտեմբերի 1-ից թույլատրվում է թանգարաններ և ցուցասրահներ այցելել, բայց 10 հոգուց ոչ ավելի խմբերով: Նաև թույլատրվում է մասնավոր մանկավարժների և կրկնուսույցների աշխատանքը, բայց 10 հոգու սահմանը վերաբերում է նաև նրանց գործունեությանը. սովորողների խմբերը չեն կարող անցնել նշված թվից:
Խիստ կարանտինային ռեժիմը սեպտեմբերին կգործի միայն Բաքվում, Սումգայիթում և Աբշերոնյան շրջանում, այլ խոսքով՝ Ադրբեջանի մայրաքաղաքային հատվածի շուրջ: Մյուս շրջանների բնակիչները կարող են ազատ տեղաշարժվել բնակավայրերի միջև, նրանց համար փակ է միայն մայրաքաղաքի մուտքը:
Սոցցանցերի օգտատերերը հեգնանքով վերաբերվեցին կարանտինի մեղմացման վերաբերյալ կառավարության որոշմանը: Մի քանի բնորոշ մեկնաբանություն.
«Կարանտինը երկարաձգել են ևս մեկ ամսով: Սպանեք մեզ՝ ու վերջ»:
«Վերջապես, բացել են թանգարանները: Լուծված է բնակչության ևս մեկ կենսական խնդիր»:
«Ամեն անգամ երկարաձգում են մեկ ամսով: Գոնե երկարաձգվեր մինչև տարեվերջ, որպեսզի մարդիկ չտառապեին»: