«Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ»․ կաթողիկոսի հեռացման հարցը ՔՊ ծրագրում
Կաթողիկոսի հեռացման օրակարգը ՔՊ ծրագրում
Արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ընթերցում և մեկնաբանում է իշխող ուժի նախընտրական ծրագրի առանձին դրույթներ։ Ի թիվս այլ հարցերի՝ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ներկայացրած ծրագրում անդրադարձ է արվում նաև եկեղեցու բարենորոգման օրակարգին։
Նշվում է, որ իշխող ուժը որդեգրում է ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ «եկեղեցու փաստացի պետը»՝ Գարեգին Բ կաթողիկոսը պետք է հեռացվի, ընտրվի կաթողիկոսական տեղապահ, ընդունվի եկեղեցու նոր կանոնադրություն, այնուհետև տեղի ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։
«Մենք դիմում ենք ժողովրդին, որովհետև, այո, եկեղեցին, առաջին հերթին, ժողովուրդն է, և ընտրություններն էլ մեծ հաշվով դատ են։ Եվ ժողովուրդն էլ՝ որպես լեգիտիմության և իրավակարգի հիմնական աղբյուր, նաև դատավոր է։ Ժողովուրդն առաջիկա ընտրություններում պետք է արդար դատ անի»,- Փաշինյանն այսպես է մեկնաբանել կաթողիկոսի հեռացման օրակարգը նախընտրական ծրագրում ամրագրելը։
Շեշտել է՝ եկեղեցին անջատ է պետությունից, սակայն չի կարող լինել պետությունից դուրս։
«Ավելին՝ եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ»,- հայտարարել է վարչապետն ու հավելել՝ դա բացարձակապես անընդունելի է։
Մայր Աթոռն արդեն հասցրել է դատապարտել ՔՊ նախընտրական ծրագիրն ու շեշտել՝ իշխող քաղաքական ուժը հանդես է գալիս եկեղեցու դեմ «ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով»։
Այս պահին հայտնի մանրամասները՝ ՔՊ ծրագրի դրոււյթները, Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, Մայր Աթոռի արձագանքը
- Փաշինյանին հարվածելու փորձի մեջ մեղադրվող երիտասարդն ազատ է արձակվել․ կարծիքներ
- «Հայոց եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի»․ եպիսկոպոսաց հավաքի արդյունքները
- Գարեգին Բ-ի հեռացման պահանջը հասավ Մայր Աթոռ, Փաշինյանը չմասնակցեց հավաքին
«Եկեղեցին պետք է դուրս բերել քաղաքականությունից»․ ի՞նչ է ասված ծրագրում
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում մատնանշված են 2026-31 թթ․-ի առանցքային անելիքները։ Դրանցից մեկը սահմանված է որպես «Արժեքահեն հանրություն»։
«Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է»,- ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ «եկեղեցու փաստացի ղեկավարության» գործունեության հետևանքով վերջին տասնամյակներում հավատավոր հանրությունն օտարվել է և շարունակում է օտարվել եկեղեցուց, ինչը նաև «հոգևոր անվտանգության խնդիր է»․
«Դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»։
Ծրագրի համաձայն՝ ՔՊ-ն որդեգրում է հետևյալ ճանապարհային քարտեզը՝
- եկեղեցու փաստացի պետի հեռացում,
- սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն,
- եկեղեցու կանոնադրության ընդունում (Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր),
- սահմանված կարգով Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։
Նախընտրական ծրագրում շեշտվում է, որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, կրոնական կազմակերպություններն էլ անջատ են պետությունից։ Ամրագրված է նաև այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքների ազատությունը։
«Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը»,- նշված է ծրագրում։
Փաստաթղթում ասվում է նաև, որ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքները պետական համակարգում ներառելուն։
Փաշինյան․ «Բարենորոգման օրակարգը եկեղեցու դեմ չէ»
Հայաստանի վարչապետը վստահեցրել է՝ բարենորոգման օրակարգը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հանուն եկեղեցու։
«Եկեղեցին, առաջին հերթին, հավատացյալ համայնքն է, ժողովուրդն է, մարդիկ են եկեղեցին։ Այո, հոգևոր սպասավորները եկեղեցու մաս են, բայց հոգևոր սպասավորները եկեղեցին չեն, եկեղեցին ժողովուրդն է»,- պարզաբանել է նա։
Փաշինյանի գնահատմամբ՝ եկեղեցու «գործող գլխի» գործունեության արդյունքում գնալով ավելի ու ավելի թուլանում է եկեղեցի-ժողովուրդ կապը, ՀՀ-ում հոգևոր կյանքի բովանդակությունը։
Կարծում է՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինելու են «դատ» նախորդող շրջանի քաղաքական գործունեության վերաբերյալ՝ ինչպես քաղաքական մեծամասնության ու մյուս քաղաքական ուժերի, այնպես էլ «քաղաքական օրակարգերի»․
«Քաղաքացիները պետք է պատասխանեն այս հարցին՝ ինչքանո՞վ է իրենց համար ընդունելի, որ Կտրիճ Ներսիսյանը [կաթողիկոսի աշխարհիկ անունը] Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ եկեղեցին դարձրել է քաղաքական կուսակցություն»։
Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ եկեղեցին պաշտոնապես զբաղված է քաղաքական գործունեությամբ, հոգևոր քարոզները թողած՝ քաղաքական քարոզներով։ Ասում է՝ շատ հաճախ անցել են և անցնում են օրենքի գծերը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հանրության՝ բավարար չափով արժեքահեն չլինելուն և հարցրել՝ ինչպե՞ս է հնարավոր ունենալ արժեքահեն հասարակություն, եթե Սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «ախտահարված» է։
«Ես դա չեմ պատկերացնում։ Եվ կարծում եմ, որ, այո, այս ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նաև պետք է այս հարցը լուծի»,- ամփոփել է նա։
«Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի ոտնահարում է»․ Մայր Աթոռի արձագանքը
Իշխող ուժի նախընտրական ծրագրի հրապարակումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես էր եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ծրագրում եկեղեցու վերաբերյալ «մերժելի դրույթների» ընդգրկումը։
Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման օրակարգը որակել էին «պարտադրվող»։ Շեշտել էին, որ նման օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։
Մայր Աթոռի գնահատմամբ՝ չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան «եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը»․
«Կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից»։
Նշվում էր, որ որդեգրվել է «օրինախախտ գործելաոճ», որը «հակասում է աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերին, վտանգում է ազգային արժեհամակարգի հիմքերն ու խաթարում հոգևոր անվտանգությունը»։
Համատեքստ
Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանը կաթողիկոսին հեռացնելու թեման օրակարգում է պահում: Սկզբում վարչապետը նշում էր, որ Գարեգին Բ-ն պետք է հեռանա, քանի որ խախտել է կուսակրոնության ուխտը, դուստր ունի: Ավելի ուշ այդ մեղադրանքին միացավ մեկ ուրիշը, թե, իբր, կաթողիկոսն ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին: Սա, ըստ էության, նշանակում է, որ երկրի ղեկավարը հոգևոր առաջնորդին մեղադրում է օտարերկրյա ազդեցության գործակալ լինելու մեջ:
Վարչապետ Փաշինյանը գործակալ լինելու մեջ է մեղադրել նաև կաթողիկոսի եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
2025 թ․-ի տարեվերջին՝ դեկտեմբերի 20-ին իշխանությունների հետ փոխկապակցված civic.am կայքը հրապարակել էր փաստաթղթի պատճեն, ըստ որի՝ Ներսիսյանը համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի՝ ԿԳԲ-ի հետ, ունեցել է ծածկանուն՝ «Կարո»։ Չնայած այս հրապարակմանը՝ Ազգային անվտանգության ծառայությունը լրագրողներին տեղեկատվություն չէր տրամադրել Գարեգին Բ-ի և Եզրաս արքեպիսկոպոսի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ունեցած կապերի մասին: Գերատեսչությունից միայն նշել էին, որ օպերատիվ հետախուզական գործունեության միջոցառումների իրականացմամբ ձեռքբերված տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կաթողիկոսի հեռացման օրակարգը ՔՊ ծրագրում