Ո՞վ և ինչո՞ւմ է մեղավոր. Փաշինյանը նախկին նախագահներին ԼՂ-ի հարցով բանավեճի է հրավիրել
ԼՂ-ի հարցով բանավեճի առաջարկ Փաշինյանից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին առավել ակտիվ է սոցիալական ցանցերում։ Նախօրեին մի քանի գրառմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու դրա շուրջ բանակցություններին։ Փաշինյանը հերթական անգամ պնդել է, թե «1994 թվականից, այսինքն՝ հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։
ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները քննադատել են վարչապետի գրառումը՝ հերքելով այդ պնդումը։ Ի պատասխան վարչապետը նրանց հորդորել է «չթաքնվել ներկայացուցիչների ետևում» և ուղիղ եթերում բանավիճելու առաջարկ արել։ Երկրի նախկին ղեկավարները մերժել են այդ առաջարկը։ Նույն օրը ուշ երեկոյան Փաշինյանը հրապակել է այս թեմայով երրորդ գրառումն ու կոչ արել ևս մեկ անգամ մտածել բանավիճելու մասին։ Խոստացել է՝ առաջարկը չընդունելու պարագայում ինքը ժողովրդին կօգնի հետևություններ անել։
Հայ փորձագետների գնահատմամբ՝ բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները մանիպուլյատիվ են։ Քաղաքական գործիչներն ասում են՝ վարչապետն «ամեն առիթ օգտագործում է Արցախի կործանման համար իր մեղավորությունը մաքրելու նպատակով»։
Փաշինյանի գրառումն ու բանավեճի առաջարկը, նախկին նախագահների արձագանքը, կարծիքներ
Ի՞նչ է ասված Փաշինյանի գրառման մեջ
Հայաստանի վարչապետն իր ֆեյսբուքյան էջում, ըստ էության, գրել է այն միտքը, ինչ բազմաթիվ անգամներ հնչեցրել է խորհրդարանի ամբիոնից, ինչպես նաև տարբեր ԶԼՄ-ների հետ զրույցներում։ Մասնավորապես՝ Փաշինյանը պնդել է, որ 1994 թ․-ից ի վեր բանակցային գործընթացը փակուղային մի ելք է ունեցել հայկական կողի համար և ծավալվել է բացառապես «ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։
«Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»,- ընդգծել է նա։
Խոստովանել է՝ «մի մեծ սխալ» է գործել՝ 2018 թ․-ին ծանոթացել է բանակցային գործընթացին ու վերոնշյալ միտքը չի խոստովանել ինքն իրեն, չի հայտնել ժողովրդին։
«Ճշմարտության պահը»․ բանավեճի առաջարկ նախկին նախագահներին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է՝ «պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս»։
Կարճ ժամանակ անց Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով՝ մերժելով Փաշինյանի առաջարկը։ Կառավարության ղեկավարը նրանց նույն առաջարկն է արել նաև մերժում ստանալուց հետո, այս անգամ՝ տեսաուղերձով։
«Ճիշտ է՝ նախկին նախագահներն ուղիղ կամ անուղղակի շտապեցին հրաժարվել բանավեճից, բայց ես նրանց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել այս մասին, որովհետև եզրակացությունն ի վերջո տեղի է ունենալու»,- ընդգծել է վարչապետն ու հավելել, որ ինքը չի կարող թույլ տալ, որ շուրջ 4 տարի շարունակվող խոսակցությունը կիսատ մնա:
Փաշինյանի գնահատմամբ՝ սա «ճշմարտության պահ» է․ առաջարկվող բանավեճը հնարավորություն կտա ժողովրդին «վերջնական ու աներկբա եզրակացություն» անել, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում և ով ինչում է մեղավոր։ Կարծում է՝ ազնիվ առաջարկ է, որ ինֆորմացիայի առաջնային կրողները դեմ դիմաց հանդիպեն և «հեռավար ու հեռակա բանավեճը եզրափակեն առերես բանավեճով»։
«Թող բանավիճի ինքն իր հետ»․ նախկին նախագահների արձագանքը
«Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»,- նշել է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
Փաշինյանի առաջարկին ի պատասխան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասել է՝ բանավեճի համար վիճելի թեմա է պետք․
«Այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։
2018-2024 թվականներին ՀՀ-ում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է»։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից էլ նշել են՝ ԼՂ- ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի պատմությունը «հազար անգամ հրապարակային և հանգամանորեն» ներկայացվել է, ուստի «ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է»։ Հայտարարել են՝ Հայաստանի «կառավարիչն» ամեն ինչ արել է գործընթացը ձախողելու համար․
«Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը»։
Մեկնաբանություններ
Հրապարակման պահին դեռևս նկատվում են միայն Փաշինյանի պնդումները հերքող մեկնաբանություններ։
«Ալիք Մեդիա Հայաստան» հարթակի գլխավոր խմբագիր, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարոն Փաշինյան,
ա/ Դուք մանիպուլացնում եք և մոլորեցնում մեր ժողովրդին, քանի որ Ձեր ասածը իրականության հետ կապ չունի:
բ/ Դուք գլուխ չեք հանում դիվանագիտությունից, ինչը նորմալ է:
գ/ Ձեր ասածը պրիմիտիվ ապատեղեկատվություն է, ինչը հարիր չէ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդուն»:
Մեկ այլ գրառման մեջ Թաթուլ Հակոբյանն ավելացրել է․
«Արցախում հայ չի մնացել, բանավեճի եք հրավիրում բանակցային պատմության հարցով: Թողե՛ք խնդրեմ, պատմությունը կզբաղվի դրանով»։
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է․
«Նիկոլ Փաշինյանը դիտմամբ խեղաթյուրում է բանակցային գործընթացը, գիտակցում է, որ գոնե հանրության համար Արցախի էջը փակված չէ, և շարունակում է մարդկանց համոզել, թե ինքը մեղավոր չէ:
Որևէ տարբերակ, որը քննարկվել է, դրված է եղել սեղանին, սկսած 91 թվականի Ժելեզնովոդսկից, շատ ավելի լավն է եղել, քան այն վիճակը, որ ունենք այսօր։ Դա ինքը պետք է ֆիքսի։ Ինքը գիտակցում է, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Էթնիկ զտումը ցեղասպանության տեսակներից մեկն է։ Այնտեղ եղել է ցեղասպանություն, և ինքը՝ որպես Հայաստանի ղեկավար, պարտավոր էր դա կանխել, ինքը քայլ չի արել, հետևաբար ինքը պատասխանատվություն պետք է կրի իր անգործության համար»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսպիսի գրառում է արել սոցիալական ցանցերում․
«Իհարկե, ինչպես մանիպուլյատիվ է Փաշինյանի գրառումը, թե 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է Արցախն Ադրբեջանի կազմ «վերադարձնելու» մասին, այդպես էլ կամա, թե ակամա, բայց մանիպուլյատիվ են հայտարարությունները, թե Հայաստանը «ոչմիթիզականության» քաղաքականության հետևանքով ստացել է պատերազմ:
Մանիպուլյատիվ է, որովհետև Հայաստանն, ըստ էության, երբեք չի վարել ոչմիթիզական քաղաքականություն: Քարոզչություն, որը պարունակել է ուղիղ կամ անուղղակի այդպիսի տոնայնություն՝ այո, քաղաքականություն՝ ոչ:
«Ոչմիթիզականության» քաղաքականություն վարել է Ադրբեջանը՝ հենց սկզբից դնելով ամբողջի խնդիր»։
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոնն Զուրաբյանն ասել է․
«Փաշինյանը լավ գիտի, որ ինքն է Արցախի կործանման պատճառը, որքան էլ հրապարակային ելույթներում փորձի մարդկանց հակառակը համոզել։ Մեր սպանված զինվորների արյունը իր ձեռքերի վրա է, նաև ամբողջ Արցախի կորուստը նույնպես իր խղճի վրա է։
Այս մեղավորությունը, պատասխանատվությունն իրեն հետապնդելու է իր կյանքի ողջ ընթացքում։ Ինքը այլ գործով իր կյանքում չի զբաղվելու, քան իր անունն այդ պատասխանատվությունից մաքրելու գործը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԼՂ-ի հարցով բանավեճի առաջարկ Փաշինյանից