Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով մահացել են HALO Trust կազմակերպության երեք ականազերծող, երկուսը վիրավորվել են
Հակատանկային ականի պայթյունի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում այսօր ժամը 12-ի սահմաներրում զոհվել են HALO Trust կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի երեք սակրավորներ, երկուսը վիրավորվել են։ Բոլորը Ղարաբաղի քաղաքացիներ են:
Ղարաբաղում արդեն 18 տարի ականազերծում իրականացնող HALO Trust կազմակերպության աշխատակիցները դեպքի վայրում են գտնվել զննման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Պայթյունի ժամանակ նրանք գտնվել են մեքենայում:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Երկուսն էլ վիրահատական միջամտության կարիք են ունեցել:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ևս մեկ անգամ ահազանգում են, որ Ղարաբաղի տարածքում դեռևս մեծ քանակությամբ ականներ կան, ինչի հետևանքով զոհվում են նաև բնակիչներ:
«Արցախի բնակչությունը շարունակում է կրել պատերազմի հետևանքները: Արցախի տարածքը չափազանց ականապատված է եղել, աշխարհում երևի առաջիններից է եղել մեկ քառակուսի կիլոմետրի վրա ականների քանակով: Այս տարիների ընթացքում մոտավորապես 95 տոկոսը մաքրվել է: Սակայն մնացել են որոշ տեղեր, որտեղ կան ականներ: Եվ գրեթե անհնար է 100 տոկոսով դրանք չեզոքացնել»,- ասել է Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, կան ականներ, որոնք գտնվում են բնակավայրերին մոտ, դաշտերում: Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ այդ տարածքներ, հատկապես Մարտակերտի շրջանը, Ասկերանի շրջանի արևելյան հատվածները, բազմաթիվ անգամներ ձեռքից ձեռք են անցել և ինտենսիվ ձևով ականապատվել են:
«HALO Trust»-ի գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանը, մեկնաբանելով միջադեպն ասել է.
«Ամեն օր աշխարհով մեկ HALO-ի ավելի քան 8000 աշխատակից աշխատանքի է գնում այնպիսի վայրեր, որտեղ նրանցից բացի էլ ոչ ոք չի կարող քայլ անել, և այս ողբերգական միջադեպը ի ցույց է դնում այն, թե ինչ վտանգների հետ են բախվում նրանք, ինչպես նաև ընդգծում է այդ աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները մահացել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքն ավելի ապահով դարձնելու աշխատանքի ժամանակ»:
Ներկայումս HALO Trust-ը Ղարաբաղում ունի 140-հոգանոց աշխատակազմ: