Իտալիայի ոստիկանությունը փորձել է ձերբակալել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորին
Իտալիայում փորձել են ձերբակալել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում տեղի ունեցածը բնութագրել է որպես «պաշարում»:
«Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է՝ ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008-ից փնտրում-փնտրում ու չեն գտնում», — գրել է Նիկոլ Փաշինյանը:
Այս միջադեպը կապվում է10 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություների հետ:
2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի ընդդիմադիր ուժերը հանրահավաքներ էր անցկացել՝ բողոքարկելով ընտրությունների արդյունքները, դրանք գնահատելով կեղված: Նախագահ ընտրվեց ներկայիս ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը: Իսկ հանրահավաքների մասնակիցները հաղթող էին ճանարում իրենց ընտրյալին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Մարտի 1-ին իշխանությունները որոշեցին ցրել փետրվարի 20-ին սկսած բողոքի ակցիան: Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում, զոհվեց 10 մարդ։
Այս օրերին Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր անում «հետևողականորեն շարունակել պայքարը` Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած ապօրինի քրեաօլիգարխիկ իշխանությունների հեռացման և Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար»:
16 ամիս շարունակ ոստիկանությունը որոնում էր Փաշինյանին՝ նա ընդհատակում էր, բայց 2009-ի հուլիսին ինքնակամ հանձնվեց իրավապահներին։ Փաշինյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ:
Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ և դատապարտվեց 7 տարի ազատազրկման: 2011-ի մայիսին, սակայն, Փաշինյանն ազատ արձակվեց ի թիվս մարտիմեկյան իրադարձությունների գործով ձերբակալված այլ քաղաքացիների։
Հայաստանում այսօր մարդիկ սոցիալական կայքերում տարածում էին իտալական ոստիկանության գործողությունների մասին լուրը, զարմանալի և զավեշտալի համարելով, որ մինչ օրս չի դադարեցվել Փաշինյանի նկատմամբ հետախուզումը:
Այդ կապակցությամբ ոստիկանությունը տարածեց հետևյալ պաշտոնական հայտարարությունը.
«Հայտնում ենք, որ 01.07.2009 թ. Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»: