Transparency International Georgia-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին և նրա ընտանիքի անդամներն ակտիվորեն իրենց կապիտալն օֆշորներից տեղափոխում են Վրաստան։
Այսօրվա դրությամբ արդեն ստեղծվել է 8 նոր բաժնետիրական ընկերություն։ Բացի այդ, 12 ընկերություն օֆշորայինից վերածվել է վրացականի։
Ըստ Transparency-ի հաշվարկների՝ վերակազմակերպված ընկերությունների ընդհանուր կանոնադրական կապիտալը կազմում է 163,187,800 լարի [մոտ 56,770,000 դոլար]։
Այս գործընթացը մեկնարկել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ Բիձինա Իվանիշվիլին սկսեց իր օֆշորային ակտիվները տեղափոխել Վրաստան՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սահմանված ֆինանսական պատժամիջոցների։ Transparency International Georgia-ի հաղորդմամբ՝ վերջին շրջանում վերաձևակերպման գործընթացն էլ ավելի է արագացել, և ակնկալվում է, որ Իվանիշվիլիի ընտանիքն օֆշորային ակտիվներն ամբողջությամբ կտեղափոխի վրացական ընկերություններ։
Transparency International-ը նաև ենթադրում է, որ Իվանիշվիլիի ընտանիքն օգտվում է հարկային արտոնություններից, որոնք սահմանվել են 2024 թվականի գարնանը Վրաստանում ընդունված, այսպես կոչված, «օֆշորային օրենքի» շրջանակներում:
«Transparency International Georgia-ն հետևում է Բիձինա Իվանիշվիլիի հետ կապված ընկերությունների գործունեությանը և նշում է, որ այս քայլերը կարող են դիտարկվել որպես պատժամիջոցներից խուսափելու փորձ»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։