Իշխող կուսակցությունը հայտարարել է վարչապետի թեկնածուի անունը
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության այսօրվա նիստին որպես վարչապետի թեկնծու է առաջադրվել Մամուկա Բախտաձեն: Վերջինիս ներկայացնելիս Բախտաձեն հայտարարել է, որ 3 սկզբունք ունի.
«Առաջինն՝ ավարտին հասցնել վրացի ժողովրդի պատմական ընտրությունն ու ապահովել Վրաստանի լիարժեք ինտեգրացիան եվրատլանտյան տարածք: Այդ ուղղությամբ «Վրացական երազանքը» մեծ հաջողություններ ունի, որոնք անհրաժեշտ է ամրապնդել և հաստատել: Երկրորդը՝ նորարարական և հիմնարար բարեփոխումներն են բոլոր ուղղություններով: Այդ բարեփոխումների շնորհիվ մենք կկարողանանք նոր տնտեսական մոդել ձևավորել՝ խաղի նոր արդար կանոններով, ինչը բարիք կբերի յուրաքանչյուր ընտանիքին, յուրաքանչյուր քաղաքացուն: Մենք կկարողանանք կրճատել ժողովրդավարության բարձր չափանիշների և տնտեսության դրության միջև ճեղքվածքը: Երրորդ սկզբունքը փոքր կառավարության հայեցակարգն է: Վրաստանին փոքր կառավարություն է անհրաժեշտ, միևնույն ժամանակ՝ մոբիլ և արդյունավետ կառավարական գերատեսչություններ: Միաժամանակ նպատակահարմար եմ համարում ուժեղացնել այդ գերատեսչությունների հանդեպ հակակոռուպցիոն բաղադրիչի գծով ինստիտուտիցոնալ և հանրային վերահսկողությունը»:
«Վրացական երազանքը» սկսել է նոր վարչապետի թեկնածություն առաջադրելու ընթացակարգն այն բանից հետո, երբ հունիսի 13-ին այդ պաշտոնը լքել է Գիորգի Կվիրիկաշվիլին կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած հիմնարար տարաձայնությունների պատճառով: Բախտաձեն 2017թ-ից աշխատում էր որպես ֆինանսների նախարար, իսկ մինչ այդ՝ որպես «Վրացական երկաթուղիների» գլխավոր տնօրեն: Բախտաձեն, զբաղեցնելով ֆինանսների նախարարի աթոռը, քննադատում էր Վրաստանի բանկային համակարգը: Նա անդրադարձել էր նաև բանկերի համար լրացուցիչ կարգավորումների թեմային:
Ո՞վ է Մամուկա Բախտաձեն
Վարչապետի թեկնածուի մասին բնակչության կեսը ոչինչ չգիտի: Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) վերջին հետազոտության համաձայն՝ հարցվածների միայն 43%-ն է իմացել, թե ով է Մամուկա Բախտաձեն, իսկ 55%-ն այդ անունը նույնիսկ չի լսել:
Վարչապետի թեկնածուն տեխնիկական գիտությունների դոկտոր է: Ավարտել է Թբիլիսիի պետհամալսարանն ու Վրաստանի տեխնիկական համալսարանը: Բախտաձեն Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մագիստրոսի կոչում ունի: 2010թ-ին INSEAD դպրոցում նա ստացել է MBA որակավորում:
Վրացական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ 2012թ-ին Մամուկա Բախտաձեն, զբաղեցնելով միջազգային էներգետիկ կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնը, «Միասնական ազգային շարժման» ընտրարշավին 20 հազար լարի էր նվիրաբերել: Լրատվամիջոցները գրում էին նաև, որ Բախտաձեն Ուտա Իվանիշվիլիի՝ իշխող «Վրացական երազանքի» առաջնորդի տղայի ընկերն է: Սակայն նա հերքել է այդ լուրերը՝ հայտարարելով, որ ծանոթ չէ Բիձինա Իվանիշվիլիի տղաներին: