Իլհամ Ալիևը, որն այլևս անժամկետ կգլխավորի իր կուսակցությունը, կոշտ հայտարարություններ է արել
Ինչ է ասել Ալիևը կուսակցության համագումարի ընթացքում
Բաքվում հոկտեմբերի 2-ին կայացած «Ենի Ազերբայջան» կուսակցության 8-րդ համագումարում հայտարարվեց կուսակցության նախագահի պաշտոնավարման հնգամյա ժամկետի սահմանափակման վերացման մասին։ Իր ելույթում Իլհամ Ալիևն ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմական հաղթանակներին հասել է սեփական ուժերով, նշեց, որ սպառազինությունը ձեռք է բերվել սեփական միջոցներով, և հերքեց արտաքին հովանավորության մասին պնդումները։
Այս հայտարարություններն արվեցին թուրքական լրատվամիջոցներում հնչած քննադատության ֆոնին, որը վերաբերում էր ՄԱԿ-ում Բենյամին Նեթանյահուի ելույթին Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը։
- «Ոտնձգություն ՀՀ քաղաքացու կյանքի նկատմամբ»․ ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ ոտքին
- Ճգնաժամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում. ներքին և արտաքին գործոնները
- Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Բաքու. էներգետիկա, խաղաղություն և տարածաշրջանային անվտանգություն
«Ենի Ազերբայջան»-ը վերացրեց իր նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը
APA-ի հաղորդմամբ՝ կուսակցության կանոնադրությունից հանվել է նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարով սահմանափակող դրույթը։
Փոփոխությունը ներկայացնող Նիզամի Սաֆարովը հիմնավորել է սահմանափակման վերացումը՝ վկայակոչելով Ալիևի ղեկավարությամբ ձեռք բերված հաղթանակները։ Նա Ալիևին բնութագրել է որպես «Ադրբեջանի աննախադեպ հաղթանակների առաջնորդ» և հայտարարել, որ որոշումը համահունչ է քաղաքական ու իրավական իրողություններին։ Սաֆարովի խոսքով՝ Ալիևի անժամկետ ղեկավարումը «կուսակցությանը կառաջնորդի դեպի նոր հաջողություններ և մեծ հաղթանակներ»։
Այսպիսով՝ վերացվել է սահմանված ժամկետից հետո նախագահի՝ վերընտրության դրվելու պահանջը։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, թե ապագայում նախագահի ընտրություններ երբեք չեն անցկացվի, կամ որ Ալիևը կդադարի մասնակցել կուսակցության համագումարներին։
Փոփոխությունը վերաբերում է կուսակցության ղեկավարությանը և չի առնչվում երկրի նախագահի ընտրության կարգին։ Քաղաքական տեսանկյունից այն նշանակում է նախագահի մանդատի պարբերական հաստատման մեխանիզմի վերացում։
Թուրքիայի դերը Ղարաբաղյան պատերազմում
«Մենք մեր արտաքին քաղաքականությունն այնպես ենք կառուցում (և պետք է շարունակենք այդպես վարվել), որ ոչ ոք չմիջամտի մեր գործերին։ Մեզ ոչ մեկի ո՛չ օգնությունը, ո՛չ էլ հովանավորությունը պետք չէ։ Երբ մենք օգնության կարիք ունեինք, ոչ ոք մեզ չօգնեց։ Երբ մենք ունեինք մեկ միլիոն փախստական, ոչ ոք օգնության ձեռք չմեկնեց։ Այն ամենի համար, ինչ ստացել ենք, մենք վճարել ենք։ Մենք մեր ողջ սպառազինությունը՝ ընդհուպ մինչև վերջին փամփուշտը, ձեռք ենք բերել սեփական միջոցներով և համաշխարհային շուկայական գներով։
Ես սա հայտարարում եմ լիակատար պատասխանատվությամբ՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, որպես անձ, որը վերահսկել է այդ բոլոր գործընթացները։ Դուք գիտեք, թե որքան է զինվել Ադրբեջանը 2003 թվականից ի վեր։ Մենք հիմնել ենք տեղական արտադրություն և սպառազինություն ձեռք բերել արտերկրից։ Մեզ ոչ մի անգամ զեղչ չի տրամադրվել՝ նույնիսկ մեկ մանաթի, մեկ դոլարի չափով։ Ավելին, երբեմն զենքը մեզ վաճառվել է համաշխարհային շուկայական գներից մի քանի անգամ բարձր գներով։ Մենք ստիպված ենք եղել աչք փակել դրա վրա։ Ուստի, սա շատ լուրջ հարց է։[…]
Մեր առավելությունն այն է, որ, ի տարբերություն որոշ երկրների, մենք առասպելներ ստեղծելու կարիք չունենք։ Որոշ երկրներում որոշ ղեկավարներ փորձում են իրենց վերագրել անցյալի ձեռքբերումները կամ՝ պատմությունը խեղաթյուրելու միջոցով՝ չափազանցնել սեփական դերը։ Մենք դրա կարիքը չունենք»,- հայտարարել է Ալիևը։
Թեև նա կոնկրետ չի նշել, թե ում նկատի ունի, սոցիալական ցանցերի օգտատերերն ու փորձագետները նշել են, որ այդ խոսքերն ուղղված էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Ալիևի մեկնաբանությունն ունի կոնկրետ պատմական ենթատեքստ։
2024 թվականի հուլիսի 28-ին Ռիզեում ելույթ ունենալիս և դիմելով Իսրայելին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր.
«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, այնպես էլ կարող ենք նույնն անել նրանց հետ»։
Այսպիսով, դեռևս մինչև ՄԱԿ-ի շուրջ ծավալված ներկայիս քննարկումները՝ Ղարաբաղում տարած հաղթանակը քաղաքական ելույթներում արդեն իսկ ներկայացվել էր որպես Թուրքիայի տարածաշրջանային հզորության օրինակ։ 2024 թվականին Իսրայելին նախազգուշացում անելիս՝ Էրդողանը որպես փաստարկ օգտագործել էր Ղարաբաղի գործոնը։
Ուշագրավ է նաև Ալիևի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշումը։ 2024 թվականի փետրվարի 19-ին Անկարայում նա հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում Թուրքիան կանգնած է եղել Ադրբեջանի կողքին, և որ Էրդողանի սկզբնական հայտարարությունները զսպել են այլ ուժերի՝ միջամտելու մտադրությունը։ Նույն ելույթում Ալիևն անդրադարձել էր համատեղ զորավարժություններին և Ադրբեջանում թուրքական բանակի մոդելի ներդրմանը։
Միևնույն ժամանակ, հարկավոր է տարբերակել ցուցաբերված աջակցությունն ու դրան հաջորդած քաղաքական ակնկալիքները։ Պատերազմի ժամանակ Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը կարող էր քաղաքական և բարոյական հիմք ծառայել՝ Բաքվից համերաշխություն ակնկալելու այլ հարցերում, այդ թվում՝ Իսրայելին առնչվող խնդիրներում։ Սակայն Անկարան առայժմ պաշտոնապես նման պահանջներ չի ներկայացրել։
Այս տեսանկյունից՝ Ալիևի խոսքերը կարելի է մեկնաբանել ոչ թե որպես ստացված աջակցության ժխտում, այլ որպես առարկություն այդ աջակցությունը քաղաքական պարտավորությունների հիմք դիտարկելու դեմ. դաշինքը չի ենթադրում, որ Բաքուն պարտավոր է իր արտաքին քաղաքական բոլոր որոշումները համաձայնեցնել Անկարայի հետ։
Ինչո՞ւ ՄԱԿ-ում Ադրբեջանի դիրքորոշումը բանավեճի տեղիք տվեց
Սեպտեմբերի 24-ին, երբ Նեթանյահուն ելույթ էր ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, մի շարք պատվիրակություններ, այդ թվում՝ թուրքականը, լքեցին դահլիճը։ Sözcü-ն և թուրքական այլ լրատվամիջոցներ հատուկ ընդգծեցին, որ Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել է դահլիճում։
Musavat.com-ը հայտնեց, որ լուսանկարներում պատկերված անձը Մաքսադ Հուսեյնովն է՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության առաջին քարտուղարը։ Առաքելության պաշտոնական տվյալներում ևս Հուսեյնովը նշված է որպես առաջին քարտուղար։
Արձագանքի բնույթը պարզ է դառնում որոշ վերնագրերից. լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ադրբեջանի դիրքորոշումը «մեծ հիասթափություն» է առաջացրել։ Այնուամենայնիվ, այդ հաղորդումները չեն կարող դիտարկվել որպես Թուրքիայի կառավարության պաշտոնական բողոքն ընդդեմ Ադրբեջանի։
Քննարկումն ավելի թեժացավ այն հանգամանքով, որ նույն ելույթի ընթացքում Նեթանյահուն Էրդողանին անվանեց «բռնապետ»։ Այսպիսով, թուրքական լսարանի համար խնդիրը վերաբերում էր թե՛ Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ դիրքորոշմանը, թե՛ Ադրբեջանի ներկայացուցչի ներկայությանը մի ելույթի, որի ընթացքում քննադատում էին Թուրքիայի նախագահին։
Գաղափարախոսական ազդեցությունը Բաքվի և Թեհրանի հարաբերություններում
Ելույթի այն հատվածը, որը վերաբերում է գաղափարախոսական ազդեցությանը և արտերկրից հեռարձակվող ադրբեջանալեզու լրատվամիջոցներին, հիմք է տալիս այդ խոսքերը մեկնաբանելու Իրանի հետ հարաբերությունների համատեքստում։ Ալիևը մեղադրեց «հարևանությամբ» գործող լրատվամիջոցներին սադրանքներ հրահրելու մեջ, ինչպես նաև քննադատեց Արևմուտքում տեղակայված ադրբեջանալեզու հարթակները.
«Ինչո՞ւ է որևէ երկրում ստեղծվում ադրբեջանալեզու լրատվամիջոց։ Մե՞զ օգնելու համար։ Ոչ՝ մեր դեմ սադրանքներ կազմակերպելու համար։ Մեր ժողովրդին մոլորեցնելու համար։ Երիտասարդների մտքերը թունավորելու համար։ Ահա թե որն է նպատակը։ Եթե տեսնում եք, որ ինչ-որ տեղ հայտնվում է ադրբեջանալեզու լրատվամիջոց, իմացեք, որ նպատակը հենց դա է։
Օրինակների համար հեռու գնալ պետք չէ. հենց մեր հարևանությամբ ադրբեջաներենով ցերեկ ու գիշեր մեր դեմ սադրանքներ են իրականացվում։ Կամ վերցնենք արևմտյան երկրները. այնտեղ ևս ստեղծվել են ադրբեջանալեզու լրատվամիջոցներ։ Ի՞նչ նպատակով։ Այդ միասնությունը խարխլելու, Ադրբեջանին ենթարկեցնելու, մեզ անկախության ուղուց շեղելու և այնուհետև մեզ կառավարելու համար»։
Բաքվի և Թեհրանի միջև անվտանգությանն առնչվող տարաձայնությունները համատեղվում են տնտեսական համագործակցության հետ։ Հետևաբար, կոշտ հռետորաբանությունը չպետք է ավտոմատ կերպով դիտարկել որպես դիվանագիտական խզման նշան։ Այս հայտարարությունները կարող են վկայել այն մասին, որ համագործակցությունը չի նշանակում համաձայնել գաղափարախոսական և քաղաքական միջամտությանը։
Ելույթն ուղղված էր նաև ներքին լսարանին։ Ալիևը կոչ արեց «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամներին ավելի ակտիվորեն ներգրավվել գաղափարական աշխատանքներում։ Այսպիսով, համագումարը կարելի է դիտարկել և՛ որպես միջոցառում, որի ընթացքում փոխվեցին կուսակցության ղեկավարության պաշտոնավարման կանոնները, և՛ որպես հարթակ, որտեղ ինքնիշխանության թեման օգտագործվեց ներքաղաքական մոբիլիզացիայի նպատակով։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ինչ է ասել Ալիևը կուսակցության համագումարի ընթացքում