Ինչպես է Ռուսաստանը Հարավային Օսիայի միջոցով ֆինանսավորում Արևելյան Ուկրաինան, որտեղ պատերազմ է գնում
Ռուսաստանը սկսել է Հարավային Օսիան օգտագործել Արևելյան Ուկրաինայի շրջանները՝ չճանաչված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը (ԴԺՀ) և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը (ԼԺՀ), ֆինանսական փոխանցումներ կատարելու համար:
Ֆինանսական սխեմայի մանրամասների մասին է պատմել ռուսական Meduza պարբերականը: Հակիրճ ներկայացնում ենք:
Ֆինանսական սխեմայի խնդիրը
Ֆինանսական սխեմայի խնդիրը պարզ է: Ուկրաինան չճանաչված ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին բանկային բլոկադա է հայտարարել, և նրանց ու Ռուսաստանի միջև ուղիղ գործարքներ հնարավոր չեն: Մոսկվան պետք է օրինականացներ այդ տարածքներ ուղղվող ֆինանսական հոսքերը՝ միաժամանակ չխախտելով Մինսկի համաձայնագրերը, որոնք թույլ չեն տալիս առանց Կիևի համաձայնության բիզնես անել կամ փոխանցումներ անել Արևելյան Ուկրաինա:
• Ռուսաստանը՝ համաշխարհային կիբերբանակների թոփ հնգյակում
• Ռուսաստան. դրախտ գողերի՞ համար
• Արդյո՞ք Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հաքերային հարձակումներին
Ինչպես է աշխատում ֆինանսական սխեման
Ամեն ինչ հիմնված է այն բանի վրա, որ Ռուսաստանը դեռ 2008թ-ին ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը, իսկ որոշ ժամանակ առաջ Հարավային Օսիան է ճանաչել Ուկրաինայի Արևելքում գտնվող հանրապետությունների անկախությունը (Աբխազիան նման բան այդպես էլ չի արել):
Ընկերություններն ու ֆիզիկական անձինք, որոնց Մոսկվան ցանկանում է ֆինանսավորել Արևելյան Ուկրաինայում, գրանցվում են Հարավային Օսիայում. ներկա պահին այստեղ գրանցված է ավելի քան 200 ընկերություն ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից:
Իսկ երեք տարի առաջ Հարավային Օսիայում ստեղծվել է Միջազգային հաշվարկային բանկը: Դրա միջոցով էլ օրինականացվում են Ուկրաինայի արևելքի չճանաչված հանրապետությունների և Ռուսաստանի միջև ֆինանսական գործարքները:
Ըստ Մոսկվայի հետ պայմանավորվածության՝ ԴԺՀ և ԼԺՀ ընկերությունների օսական ներկայացուցչությունները գործում են հատուկ հարկային ռեժիմում և տեղական բյուջե են վճարում եկամտի ընդամենը մեկ տոկոսը: Այդ պատճառով էլ դրանցից բյուջեի եկամուտները մեծ չեն. 2017թ-ին կազմել են ընդամենը 20 մլն ռուբլի (մոտ 300 հազար դոլար):
Սակայն Հարավային Օսիայի բյուջեին օգնելու խնդիր չէր էլ դրվել:
«Եթե կառավարությունը [նման] որոշում է կայացրել, ես սատարում եմ նրան, — ասել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը «Մեդուզայի» թղթակցին: — Հարավային Օսիայի կառավարությունն անում է ամեն ինչ՝ այդ իրավաբանական անձանց օգնելու ոտքի կանգնել, թող դա լինի կես տոկոս, թող ընդհանրապես ոչ մի տոկոս չլինի»:
Միջազգային հաշվարկային բանկը, որը սպասարկում է ԴԺՀ և ԼԺՀ ընկերությունների հաշիվներն, այսօր Հարավային Օսիայի խոշորագույն հարկատուն է. 2017թ-ին այն տեղական բյուջե է փոխանցել 14մլն ռուբլի [մոտ 200 հազար դոլար]:
Արևելյան Ուկրաինայի պատերազմական գոտում գործող խոշորագույն օլիգարխները բիզնեսը Հարավային Օսիայի միջոցով են վարում:
Դեռևս 2017թ-ի մարտին Դոնեցկի շրջանի խոշոր ձեռնարկությունները (օրինակ, Ենակիևոյի և Մակեևկայի մետալուրգիական գործարանները, «Դոնեցկպողպատ» գործարանը, Խարցիզիի խողովակների գործարանը և այլն) գրանցվել են որպես հարավօսական «Վնեշտորգսերվիս» ընկերության մասնաճյուղեր:
«Ալան» հյուրանոցը Հարավային Օսիայում, որտեղ ֆորմալ կերպով գտնվում է «Վնեշտորգսերվիս» ընկերության գրասենյակը: 2018թ-ի հուլիս: Լուսանկարը՝ Իլյա Ժեգուլյովի/ «Մեդուզա»
2018թ-ի ապրիլի սկզբին ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հրամանագիր ստորագրեց, որով այդ ընկերությունը նշանակվեց գործարանների «ժամանակավոր վարիչ», որոնց մեծ մասը նախկինում պատկանել է Ուկրաինայի ամենահարուստ մարդուն՝ Ռինատ Ախմետովին:
Նույնը տեղի ունեցավ նաև Ախմետովի՝ Լուգանսկի ակտիվների հետ. «Վնեշտորգսերվիսի» կառավարմանն է անցել «Կրասնոդոնածուխը»՝ 12 հազար աշխատակից ունեցող խոշորագույն ածխաարդյունահանող ձեռնարկությունը, որը զինված հակամարտության մեկնարկից հետո էլ շարունակում էր աշխատել:
«Կոմերսանտ» թերթը պատմել է, որ իրականում Հարավային Օսիայում գրանցված «Վնեշտորգսերվիսը» վերահսկում է գործարար Սերգեյ Կուրչենկոն, որն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի ընկերն է:
2014թ-ից Կուրչենկոն Մոսկվայում է բնակվում: Նրա «Գազ-ալյանս» ընկերության և «Վնեշտորգսերվիս» ընկերության միջև կապի մասին էր հայտարարում նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, որը 2018թ-ի հունվարին այդ երկու ընկերությունների դեմ պատժամիջոցներ է մտցրել: