Ինչու են կանայք ԱՄՆ-ում ստիպված պաշտպանել հղիության արհեստական ընդհատման իրավունքը
Ամերիկացի պահպանողականները վաղուց հանդես են գալիս hղիության արհեստական ընդհատումն արգելելու օգտին: Վերջին շրջանում նրանք ուժեղացրել են ճնշումը, և արդյունքում մի քանի նահանգներում ընդունվել են օրենքներ, որոնք սահմանափակում են հղիությունն արհեստականորեն ընդհատհելու կանանց իրավունքը, ընդհուպ մինչև այդ վիրահատության լիարժեք արգելք, ասվում է The Washington Post-ի հրապարակման մեջ:
Հին վեճը
Առաջին երկուսը Ալաբամա և Միսսիսիպի նահանգներն էին: Մեկում օրենսդիրներն արգելել են երկու շաբաբթից մեծ հղիության արհեստական ընդհատումը, մյուսում անօրինական աբորտը հայտարարել են քրեական հանցագործություն (պատասխանատվությունը կկրեն բժիշկները):
Բայց այդ օրենքներն ուժի մեջ մտնելու շատ քիչ հնարավորություն ունեն: Նման փորձեր նախկինում բազմիցս ձեռնարկվել են: Ամեն անգամ հղիության արհեստական ընդհատման իրավունքի կողմնակիցները դատի էին տալիս և շահում դատը, քանի որ Գերագույն դատարանը մեկ անգամ քննել էր հարցը և հստակ կողմ արտահայտվել հղիության արհեստական ընդհատման կանանց իրավունքին:
Ինչի վրա են հույս դնում աբորտի հակառակորդները
Սակայն վերջին շրջանում փոխվել է ԱՄՆ Գերագույն դատարանի կազմը: Մահացել է դատավորներից մեկը, նշանակվել է մեկ այլ դատավոր (դա նախագահի լիազորությունն է), և արդյունքում աբորտին դեմ արտահայտվողները բարձրագույն դատական մարմնի կազմում մեծամասնություն են ստացել:
Այժմ պահպանողականները հույս ունեն գործը հասցնել մինչև Գերագույն դատարան և այնտեղ հաղթանակ տանել:
Դիմադրություն
Հղիության արհեստական ընդհատման հակառակորդներն ԱՄՆ-ում մեծ թիվ են կազմում և ազդեցիկ են հատկապես հարավային նահանգներում: Նրանք քիչ չեն նաև ամերիկյան Սենատի կազմում, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, որոնց ընտրազանգվածը պահպանողական տրամադրություններ ունի:
Բայց աբորտները սահմանափակելու կամ լիարժեք արգելելու փորձերը սուր արձագանք են առաջացնում ամերիկյան հասարակությունում՝ հատկապես բժիշկների շրջանում: Արգելքի դեմ ցույցերը հավաքում են հազարավոր ակտիվիստների:
Վերջերս տեղի ունեցած հանրահավաքին Գերագույն դատարանի մուտքի մոտ սենատոր Քրիստեն Ջիլլիբրանդը, որն առաջադրվում է ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտարարեց, որ աբորտների հակառակորդները «պատերազմ են հայտարարել կանանց»: