Ինչո՞ւ Սաակաշվիլիի շուրջ առկա իրավիճակին արձագանք չկա Երևանից և Բաքվից․ մեկնաբանություն
Վերաբերմունքը Սաակաշվիլիի շուրջ առկա իրադարձություններին Հայաստանում ևԱդրբեջանում
Ի՞նչ են մտածում Հայաստանում և Ադրբեջանում վերջին մեկ ամսում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որտեղ կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրեթե 40 օր հացադուլ է անում, իսկ նրա համախոհները բազմահազարանոց ցույցեր են անցկացնում։
Վրաստանի հարևան երկրներից ոչ մեկի պաշտոնական կառույցները ոչ մի անգամ չեն մեկնաբանել այդ իրավիճակը։ JAMnews-ը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական վերլուծաբաններին առաջարկել է մեկնաբանել իրավիճակը։
Քաղաքական վերլուծաբան Շահին Ջաֆարլի, Բաքու
«Այն, որ Վրաստանում կատարվող իրադարձություններին չի արձագանքում Ադրբեջանի իշխանությունը, պետք է նայել երկրի արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Բացառությամբ Հայաստանի, որի հետ Ադրբեջանը հատուկ հարաբերություններ ունի, երկրի իշխանությունը երբեք չի մեկնաբանել հարևան և բարեկամ երկրներում կատարվող իրադարձությունները։
Ադրբեջանում նաև չկա հարևան երկրների ընդդիմությունների հետ հարաբերություններ ստեղծելու պրակտիկա։ Ադրբեջանի իշխանությունը նախընտրում է աշխատել կառավարությունների հետ։
Ինչ վերաբերում է Վրաստանում ստեղծված իրավիճակին, ապա այն լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այդ հարևան երկիրը երկար տարիներ մեզ համար եղել է տարածաշրջանում ժողովրդավարության հանգրվան։ Դա վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության և այն փուլին, երբ նա խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխանցեց նորընտրիր իշխանությանը։
Սակայն այն, ինչ տեղի է ունենում այդ երկրում, նրան հեռացնում է ժողովրդավարությունից։ Ընդդիմության հետ բախումը, ընտրությունների արդյունքների կեղծումը, հատկապես վերջին՝ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում, չի կապվում այդ երկրի ժողովրդավարական իմիջի հետ։
Իսկ իշխանության վերաբերմունքը քաղաքական գործչին, որն այդ երկրի նախագահն է եղել, տարակուսանք է առաջացնում։ Նրան ձգտում են նվաստացնել բոլոր հնարավոր միջոցներով, խաբելով տեղափոխում են այլ բանտ, նրա կյանքի համար վտանգի բոլոր պայմաններն են ստեղծում, այն դեպքում, որ նախկին նախագահը հացադուլ է հայտարարել։
Գաղտնիք չէ, որ Ալիևն ու Սաակաշվիլին անձնական ընկերական հարաբերություններ ունեին։ Եվ լիովին հնարավոր է, որ գաղտնի ուղիներով խորհրդակցություններ են արվում։
Սակայն ես, ինչպես նաև վրացական ընդդիմությունը, ԱՄՆ-ից և Եվրամիությունից ավելի վճռական գործողությունների եմ սպասում։ Այդ արևմտյան ուժերն ավելի մեծ ազդեցություն ունեն Վրաստանի քաղաքականության վրա, քան հարևան երկրները։ Այո, Արևմուտքն արդեն իր անհանգստությունն արտահայտել է կատարվածի վերաբերյալ, սակայն տեղին կլիներ ավելի կտրուկ կարծիքն ու միջամտությունը»։
- Վեց բան Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որ դուք կցանկանայիք հարցնել վրացիներից
- 9 ուկրաինացի JAMnews-ի տեսախցիկին պատմել են, թե ինչ են մտածում Սաակաշվիլիի մասին
- Թե ինչպես են Վրաստանի հայկական քաղաքում նախագահ ընտրել Սաակաշվիլիին, որը ցուցակում չկար
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, Երևան
«Կարծում եմ, որ Վրաստանում տիրող իրավիճակը Վրաստանի ներքին գործն է։ Պաշտոնական Երևանը պատճառ չունի միջամտելու և որևէ դիրքորոշում հայտնելու։ Իսկ այն մասին, որ Վրաստանի կայունությունը միշտ կարևոր գործոն է Հայաստանի համար, պարբերաբար հայտարարվում է։
Վրաստանում արդեն երկար ժամանակ է՝ բարդ ներքաղաքական իրավիճակ է։ Մնում է հուսալ, որ իրադարձությունների զարգացումը Վրաստանում չի հասնի որևէ ապակայունացնող սցենարի, որովհետև Հայաստանի համար չափազանց կարևոր է այդ հանգամանքը»։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյան, Երևան
«Այն, ինչ կատարվում է Վրաստանում, տրամաբանական է, դա Վրաստանում վերջին տարիներին կատարվող ներքաղաքական գործընթացների շարունակությունն է։
Հայաստանի արձագանքի մասին խոսելն ավելորդ է, քանի որ դա Վրաստանի ներքին գործն է։ Եթե հիշենք, որ մի քանի օր առաջ Նիկա Գվամարիան դիմել է Նավալնուն և Փաշինյանին՝ ասելով, որ Վրաստանը պատասխանի է սպասում Սաակաշվիլիի գործով, ապա ես ճիշտ եմ համարում Նիկա Գվամարիային հիշեցնել, որ Սաակաշվիլիի հետ կապված երկու դատական որոշում կա, մի քանի գործերով էլ դատաքննություն է ընթանում։
Բացի այդ, Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել ապօրինի ճանապարհով, չեմ կարծում, որ կարելի է սպասել, որ նրա կալանքի առնչությամբ որևէ մեկի մոտ կարող են հարցեր առաջանալ։
Հիշեցնեմ, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն պաշտոնապես չեն խոչընդոտել կամ չեն փորձել կանխել Սաակաշվիլիի կալանքը։ Սակայն այսօր հարցեր են առաջանում, որոնք կապված են նրա անվտանգության և առողջության հետ։
Հայ-վրացական հարաբերությունները վերջին տարիներին բավականին դինամիկ են և բավականին դրական արդյունքներ են տալիս։ Չեմ կարծում, որ պետք էր միջամտել և բարդացնել հայ-վրացական հարաբերությունները»։