Ադրբեջանի նախագահը Շուշի քաղաք (Լեռնային Ղարաբաղ) է այցելել հունվարի 14-ին նոր ճանապարհով, որը կառուցվել է երկու ամսում՝ արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Նա այցելել է Յուխարը Գյովհար աղա մզկիթ և Ղազանչեցոց եկեղեցի։ Դրանից առաջ նա հասցրել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի հիմնարկեքն անել։
Իլհամ Ալիևը Ղարաբաղ է այցելել իր տիկնոջ՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և դստեր՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևայի հետ։
Շուշի մեկնելիս Իլհամ Ալիևը Ֆիզուլի քաղաքի միջազգային օդանավակայանի հիմնարկեքին է մասնակցել, որը նույնպես Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով։
«Արդեն 2021 թ-ին պետք է շահագործման հանձնվի այս օդանավակայանի թռիչքուղին։ Ես Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք եմ հայտարարել», — ասել է Ադրբեջանի նախագահը։
Կատարվել է Ֆիզուլի քաղաքի միջազգային օդանավակայանի հիմնարկեքը։ Լուսանկարը՝ AzərTAc
Եվս մեկ միջազգային օդանավակայան է կառուցվելու կամ Լաչինի, կամ Քելբաջարի շրջանների տարածքում, որոնք հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել՝ ըստ 2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։
Ինչո՞ւ է Շուշի քաղաքն այդքան կարևոր ադրբեջանցիների համար «Շուշին մեզ համար ունի նաև խորհրդանշական, կարելի է ասել, սրբազան նշանակություն։ Ինչպես Մցխեթը՝ Վրաստանի կամ Կիոտոն՝ Ճապոնիայի համար։ Ոմանք Շուշին «ադրբեջանական մշակույթի օրրան» են անվանում։ Կարելի է, իհարկե, վիճել, թե արդյոք այն «օրրան է», ես, ավելի շուտ, այն «համալսարան» կանվանեի», — գրում է JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը։
Շուշի ժամանելով՝ Ադրբեջանի նախագահն իր երկրի պետական դրոշն է բարձրացրել, այնուհետև՝ շփվել քաղաքում տեղակայված զինծառայողների հետ։
«Նոյեմբերի 8-ն ընդմիշտ կմնա մեր ժողովրդի պատմության մեջ։ Այդ օրն Ադրբեջանը փայլուն հաղթանակ տարավ՝ ազատագրելով Շուշին», — նշել է նա։
«Վերջին անգամ ես Շուշիում եղել եմ 39 տարի առաջ։ Այն ժամանակ այստեղ եմ եկել երկու անգամ, և առաջին անգամ այստեղ եմ հայտնվել հենց հունվարի 14-ին։ Եվ 39 տարի անց ես կրկին այստեղ եմ այս նույն օրը», — ընդգծել է Ալիևն՝ ակնարկելով Շուշի այցելության օրվա ընտրության պատճառը։
Շուշիում Իլհամ Ալիևն այցելել է Սահաթլի, Աշաղը Գյովհար-աղա և Յուխարը Գյովհար-աղա մզկիթներ։ Դրանցից երկուսը կիսավեր վիճակում են։
Իլհամ Ալիևը Յուխարը Գյովհար-աղա մզկիթի մոտ։ Լուսանկարը՝ AzərTAc
Շուշիում Իլհամ Ալիևն այցելել է նաև Ղազանչեցոց եկեղեցի, որը տուժել է արցախյան երկրորդ պատերազմից, և մասնակցել Ադրբեջանի՝ այդ քաղաքում ծնված և ստեղծագործած մշակութային գործիչներ Խուրշիտբանու Նաթավանի, Ուզեիր Հաջիբեկովի, Բյուլբյուլի կիսանդրիների բացմանը։