Ադրբեջանում մեկ օր անց փոխել են Հաղթանակի օրվա ամսաթիվը․ պատճառը կապված է Աթաթուրքի հետ
Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահը հրաման է ստորագրել նոյեմբերի 10-ը որպես ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հաղթանակի օր նշելու մասին։ Սակայն մեկ օր անց փաստաթղթում ստիպված են եղել փոփոխություններ կատարել։ Պատճառն Աթաթուրքի հիշատակի օրն է։
Հաղթանակի օր սահմանելու մասին Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո սոցցանցերի թուրքական տիրույթում օգտատերերի մեծ մասը վրդովմունք է արտահայտել նոյեմբերի 10-ի ամսաթվի առնչությամբ։
• Անավարտ արցախյան պատերազմ․ հոգեբանական խնդիրների փուլ
Բանն այն է, որ 1938 թ․ նոյեմբերի 10-ին մահացել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝ ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը։ Եվ այդ օրը Թուրքիայում ամեն տարի նշվում է որպես Աթաթուրքի հիշատակի օր։
Հաշվի առնելով այս համընկնումը՝ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահը փոփոխություն է կատարել իր հրամանում, և հաղթանակի նոր օր է հայտարարվել նոյեմբերի 8-ը։
«Նոյեմբերի 8-ին ադրբեջանական բանակը հայկական ուժերի 28-ամյա օկուպացիայից ազատել է Շուշի քաղաքն ու դրանով իսկ հասել հակառակորդի կողմից իր պարտության ճանաչմանը», — ասված է փաստաթղթում։
Իր մյուս հրամանով դեկտեմբերի 2-ին Իլհամ Ալիևը ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների Հիշատակի օր է սահմանել։ Այդ օրը կնշվի ամեն տարի սեպտեմբերի 27-ին՝ 2020 թ-ին հակամարտության գոտում ռազմական գործողությունների մեկնարկի օրը։