«Ժողովրդավարության զարգացման նշանակալի առաջընթաց»․ գնահատական ԵԽԽՎ բանաձևից
ԵԽԽՎ պատգամավորները հունվարի 27-ին ընդունել են «Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։ Դրան «կողմ» է քվեարկել 50, «դեմ»՝ 14 պատգամավոր։ Հայաստանին վերաբերող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևում ասվում է, որ վերջին շրջանում երկիրը ժողովրդավարության զարգացման նշանակալի առաջընթաց է ունեցել։ Խոսքը 2018 թ-ի գարնանից՝ «թավշյա հեղափոխությունից» հետո ընկած ժամանակահատվածի մասին է, երբ իշխանության է եկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը։
Բանաձևի նախագիծը հեղինակած պատգամավորներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) ընդգծել են, որ իշխանափոխությունից հետո երկիրը բախվել է մի շարք իրադարձությունների, «որոնք լուրջ ազդեցություն են թողել նրա ինստիտուտների գործունեության վրա»։ Սակայն, ըստ զեկուցողների, «Հայաստանը հաջողությամբ է դուրս եկել քաղաքական լուրջ ճգնաժամից», որը սկիզբ է առել 2020 թ-ին Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո․
«Ճգնաժամը հանգուցալուծվեց 2021թ. հունիսին կայացած արտահերթ ընտրությունների միջոցով, որոնք կազմակերպվել էին ժողովրդավարական եղանակով՝ չնայած լրջորեն բևեռացված միջավայրին»։
Եվրոպացի խորհրդարանականների եզրակացությունները՝ Հայաստանում վերջին տարիներին անցկացված ընտրությունների և ընտրական օրենսգրքի բարեփոխման, ինչպես նաև Արցախյան հակամարտության լուծման և մամուլի ազատության մասին։
- Հետհեղափոխական մեդիամետաստազներ Հայաստանում
- Փաշինյանի կառավարության առաջնահերթությունները․ «Պահպանվում է խաղաղության հաստատման օրակարգը»
- Հայաստանի խորհրդարան․ իրական իշխանությո՞ւն, թե՞ բուտաֆորիա
«Ավարտին հասցնել ընտրական օրենսդրության բարեփոխումները»
Եվրոպացի պատգամավորների զեկույցում ասվում է, որ 2018 թ-ի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական և 2021 թ-ի հունիսի ընտրություններում չեն գրանցվել այնպիսի խախտումներ, որոնք բնորոշ էին նախորդ ընտրություններից շատերին։
Ինչ վերաբերում է վերջին ընտրություններին, որոնք անցկացվել էին ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով, որն առաջացել էր Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Նախագծում գոհունակություն է արտահայտված, որ հայաստանյան ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները՝ իրավական ճանապարհով դրանք վիճարկելուց հետո։ Դրական է գնահատվել նաև այն, որ ընդդիմադիր գործիչները չեն բոյկոտել խորհրդարանի աշխատանքը։
Միաժամանակ, ԵԽԽՎ պատգամավորներն ափսոսանք են հայտնել, որ ընտրությունների ժամանակ կանայք մղված էին հետին պլան, և հայաստանյան քաղաքական ուժերին կոչ են արել փոխել այդ իրավիճակը։
ԵԽԽՎ զեկուցողները Հայաստանի իշխանություններին կոչ են անում ավարտին հասցնել ընտրական օրենսդրության բարեփոխումները։ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների համաձայն՝ խորհուրդ է տրվում․
- վերացնել երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ առկա արգելքը, որպեսզի նրանք ևս կարողանան առաջադրվել ընտրությունների ժամանակ,
- հստակ իրավական սահմանում ապահովել նախընտրական ծախսերի վերաբերյալ,
- տուգանք սահմանել նախընտրական քարոզարշավի ժամանակ զրպարտության համար,
- թույլ տալ ընտրողներին իրավական ճանապարհով վիճարկել իրենց տեղամասերում ընտրությունների արդյունքները։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»
Եվրոպացի պատգամավորների զեկույցում զգալի տեղ է հատկացված Արցախյան հակամարտությանը։ Դրանում խոսվում է «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և կայուն հանգուցալուծման» հնարավորության մասին։
ԵԽԽՎ փաստաթղթում այսպիսի պահանջ կա․
- վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին Ադրբեջանից՝ համաձայն զինադադարի մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի,
- մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության մեխանիզմ հիմնել,
- զերծ մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրող հայտարարություններից և գործողություններից։
Միաժամանակ եվրոպացի պատգամավորները հայկական կողմին կոչ են անում Ադրբեջանին հանձնել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։ Խոսքն այն տարածքների մասին է, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել Արցախյան երկրորդ պատերազմից հետո։
«Զրպարտության համար քրեական հետապնդման չեղարկում»
ԵԽԽՎ զեկույցում նշվում է, որ 2020 թ-ի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները զգալիորեն մեծացրել են վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքի չափը, ինչպես նաև քրեականացրել պետական պաշտոնյաներին ծանր վիրավորանք հասցնելը։
Փաստաթղթում ասվում է, որ դա պատասխան էր «աննախադեպ ապատեղեկատվության ու ատելության խոսքի տարածմանը»։ Սակայն եվրոպացի պատգամավորներն ընդգծել են, որ զրպարատությունը չպետք է քրեականացվի։
Եվրոպացի պատգամավորները իշխանություններին կոչ է անում «ապահովել խոսքի ազատության ու անձի արժանապատվության պաշտպանության միջև հավասարակշռությունը»։