Աբխազիայում «Ժողովրդական հանրահավաք» կանցկացվի․ մինչ այս նման ակցիաներն ավարտվել են նախագահի հրաժարականով
Մայիսի 30-ին Աբխազիայում նախատեսված է ընդդիմության կազմակերպած «Ժողովրդական հանրահավաքը»։ Ակնկալվում է, որ մի քանի հազար մարդ կմասնակցի ակցիային, որը տեղի կունենա Սուխումի նախագահական նստավայրի դիմաց։ Անցած 10 տարիների ընթացքում Աբխազիայում նմանատիպ բողոքի ակցիաներ են անցկացվել երկու անգամ՝ 2014 և 2020 թվականներին, և երկուսն էլ ավարտվել են նախագահական պալատի գրոհով և նախագահի հրաժարականով։
Ընդդիմությունը կարծում է, որ իշխանություններից արձագանք ստանալու մյուս բոլոր մեթոդները, բացի բազմահազարանոց հանրահավաքից, սպառված են։ Ավելի վաղ նախագահ Ասլան Բժանիան արհամարհել էր ընդդիմադիրների բոլոր առաջարկները, այն է՝ պաշտոնանկ անել Ալեքսանդր Անկվաբի գլխավորած կառավարությանը, ինչպես նաև չեղարկել կամ մորատորիում դնել մի շարք օրինագծերի վրա, այդ թվում՝ Պիցունդայի հայտնի պետական ամառանոցը Ռուսաստանին փոխանցելու և օտարերկրացիների համար բնակարաններ կառուցելու ու դրանց վաճառքի մասին։
- Ռուսաստանը սպառնում է Աբխազիայից վերցնել Պիցունդա հանգստավայրի մի մասը։ Ինչո՞ւ է լռում Թբիլիսին
- Հակառուսական պատժամիջոցների պատճառով Աբխազիան մասամբ հանել է Վրաստանից ներկրվող ապրանքների էմբարգոն
- Ինչպե՞ս Աբխազիայից բռնի տեղահանվածը ստեղծեց Վրաստանի երիտասարդների միությունը. Տեսանյութ
Ընդդիմությունը փորձեց այդ գործում ներգրավել խորհրդարանին, որպեսզի այն քննարկի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը և բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո ընդունի «Բարեփոխումների ճանապարհային քարտեզ»։ Սակայն խորհրդարանը սառնասրտորեն ընդունեց այս գաղափարները:
«Եթե խորհրդարանը պատասխանատվություն ստանձներ և ընդուներ անվստահություն հայտնելու հարցը, ոչ մի հանրահավաք էլ չէր լինի։ Եթե նախագահը հասկանար այն պատասխանատվությունը, որով իրեն օժտել է աբխազ ժողովուրդը և որոշեր պաշտոնանկ անել սնանկացած կառավարությանը, կրկին որևէ հանրահավաք չէր լինի։ Ի վերջո, Ալեքսանդր Անկվաբն ինքը կարող է վերցնել և գրել [հրաժարականի] դիմումը։ Ինչո՞ւ ստիպել հազարավոր մարդկանց արտահայտել իրենց դժգոհությունը»,- ասում է ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբան:
Առաջիկա հանրահավաքին նախապատրաստվում է ոչ միայն ընդդիմությունը, այլև հենց իրենք՝ իշխանություններն են մոբիլիզացնում իրենց կողմնակիցներին և պատերից հեռացնում հանրահավաքի գնալու կոչերով պաստառները։ Ընդ որում, ընդդիմության ներկայացուցիչները հասցնում են փակցնել նորերը։
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: