Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի բանտում
Բաքու քաղաքի Նիզամիի շրջանային դատարանի վճռով՝ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուն դատապարտվել է 4 տարվա և 3 ամսվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Ընդդիմությունն այդ վճիռն անարդար և քաղաքական է համարում։ Յագուբլուն հացադուլ է հայտարարել։
Թոֆիկ Յագուբլուն ձերբակալվել է 2020 թ–ի մարտի 22–ին Բաքվում խուլիգանության մեղադրանքով։ Ըստ քրեական գործի նյութերի՝ նա վթար է կատարել և ամուսինների ծեծել, որոնք մյուս մեքենայի մեջ են եղել։
Դատական գործընթացի ընթացքում դատախազը պահանջել է Յագուբլուին դատապարտել 4 տարվա և 6 ամսվա ազատազրկման։ Իր որոշմամբ՝ դատարանն այդ ժամկետը կրճատել է երեք ամսով։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ սահմանված կարանտինի պատճառով դատը փակ ռեժիմով էր ընթանում․ լրագրողներին նիստերի դահլիճ չէին թողնում։
Դատարանի շենքի մոտ դատավճռի հրապարակման պահին մի քանի հարյուր ընդդիմամդիր գործիչ և Թոֆիկ Յագուբլուի կողմնակիցներն էին հավաքվել։ Նրանց թվում էին «Մուսավաթ» և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Արիֆ Հաջիլին և Ալի Քերիմլին։ Լրագրողներին տված հարցազրույցում նրանք դատարանի որոշումը քաղաքական պատվեր են անվանել և վստահություն հայտնել, որ Թոֆիկ Յագուբլուն վաղաժամկետ ազատ կարձակվի։
Այդ ընթացքում դատապարտված ընդդիմադիր գործիչը հացադուլ է հայտարարել։ Այս մասին հաղորդել է նրա փաստաբան Ագիլ Լայիչը։
Յագուբլուն 2014-2016 թթ–ը բանտում է անցկացրել զանգվածային ակցիաների կազմակերպման մեղադրանքով։ Այնուհետև՝ 30–օրյա կալանքի դատապարտվել Բաքվում 2019 թ–ի հոկտեմբերի 19–ին ընդդիմության զանգվածային բողոքի ակցիային մասնակցելու համար։
Սոցցանցերի օգտատերերն իրենց վրդովմունքն են հայտնել դատարանի որոշման առթիվ։ Մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«Այսօր խիղճ ունեցող բոլորին դատապարտել են 4 տարվա և 3 ամսվա ազատազրկման»։
«Այս որոշումն անարդար է, և այն ոչինչ չի փոխի»։
«Զարմացնում է ոչ այնքան դատարանի որոշումը, որքան Թոֆիկ Յագուբլուի նկատմամբ հետապնդումների մասշտաբը»։