Թուրքիայից առաջին անգամ գնացք է ժամանել Ռուսաստան․ դեռևս՝ Վրաստանի և Ադրբեջանի տարածքով
Այսօր Ռուսաստանի Կալուգայի շրջանի Վորսինո կայարանում դիմավորել են առաջին կոնտեյներային գնացքը, որը Թուրքիայից է ժամանել։ 11 օրում գնացքն այս կայարան է հասել Վրաստանի և Ադրբեջանի տարածքով։ Իսկ մոտ ապագայում Թուրքիայից գնացքները կարող են Ռուսաստան հասնել Հայաստանի տարածքով։
- Սկսվում է տրանսպորտային նոր միջանցքների ստեղծումը, որոնք կկապեն Հայաստանն, Ադրբեջանն ու Ռուսաստանը
- Ճանապարհների բացում․ նոր հնարավորություններ Հայաստանի համա՞ր, թե՞ անվտանգության սպառնալիքներ
- Ադրբեջանը, Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են բացել ճանապարհները։ Ի՞նչ է փոխվում Վրաստանի համար
Ինչպես հաղորդել են Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատանը, այս երթուղով դեպի Ռուսաստան արտահանում առաջին անգամ է իրականացվում։ Գնացքն ուներ աման լվացող մեքենաներով և գազօջախներով բեռնված 16 կոնտեյներ։

Նախկինում բեռը տեղափոխվում էր ծովով, ինչն ավելացնում էր արժեքն ու առաքման ժամանակը։
Նոր տրանսպորտային միջանցքը կօգնի կրճատել այս երկու ցուցանիշներն ու պարզեցնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը։
Շուտով Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունում տարանցիկ կողմ կարող է դառնալ նաև Հայաստանը։

Նոր տրանսպորտային ուղիներ Կովկասում
2021 թ-ի հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպմանը որոշվել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծել։ Այս խմբի պարտականությունների թվում է 2020 թ․ նոյեմբերի 10-ին երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարության իններորդ կետի իրականացումը։
Այդ համաձայնագրով հրադադար հաստատվեց Արցախում, որտեղ պատերազմ էր ընթանում 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը և, տարբեր հաշվարկներով, երկու կողմից 5-10 հազար մարդու կյանք խլեց։
Հարավային Կովկասում նոր երկաթուղային և ավտոմոբիալյին ճանապարհները թույլ կտան ևս մի քանի տրանսպորտային փակուղիներ բացել, մասնավորապես․
- Կօգնեն կապել Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար հանրապետությունը երկրի մյուս մասին, որի համար ճանապարհ կբացվի Հայաստանի տարածքով։ Ներկա պահին այդտեղ կարելի է մեկնել միայն օդով կամ Իրանի տարածքով։
- Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան տանող ավտոմոբիլային և երկաթուղային ուղիներ կբացվեն։ Ներկա պահին Հայաստանից դեպի Ռուսաստան տանող միակ և Հայաստանի համար ծայրահեղ կարևոր ցամաքային ուղին անցնում է Վրաստանով, այն ծանրաբեռնված է և հաճախ փակ է եղանակային պայմանների պատճառով։
- Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ցամաքային հաղորդակցության հնարավորություն կստանան։