«Թուրքիան ձգտելու է փաթեթային լուծման»․ Միրզոյան-Չավուշօղլու հանդիպման մասին
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանի։ Թուրք պաշտոնակցի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հանդիպումը բնորոշել է «չափազանց արդյունավետ և կառուցողական»։
Սա Միրզոյան-Չավուշօղլու առաջին հանդիպումն էր, որը կազմակերպվել էր մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Միրզոյան-Չավուշօղլու հանդիպման, Անթալիայի ֆորումի մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք:
Վերջին տասնամյակում Արարատ Միրզոյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, որը մեկնել է Թուրքիա: Նախորդը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, որը հարևան երկիր էր մեկնել ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։
Նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցության հնարավորության մասին քննարկումներն ընթանում էին ավելի քան մեկ ամիս։
Հունվարի վերջին Միրզոյանի և Ռուբինյանի հնարավոր մասնակցության մասին հաղորդել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ռուբինյանը, սակայն, Թուրքիա չի մեկնել։
Համաժողովին Հայաստանի ԱԳ նախարարի մասնակցության մասին արտաքին գերատեսչությունը հայտարարեց միայն օրեր առաջ՝ մարտի 7-ին։
Փետրվարի սկզբին Միրզոյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ֆորումին մասնակելու որոշումը «մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ին Վիեննայի հանդիպման արդյունքներից» (նկատի ունենալով ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը — JAMnews)։
Միրզոյանի՝ համաժողովին մասնակցելու որոշման հրապարակումից մեկ օր անց պաշտոնական Անկարան ողջունեց այն։ Թուրքիայի արտաքին գերատեսչության թվիթերյան էջում հրապարակվեց ԱԳ նախարարի մամուլի քարտուղարի հայտարարությունը․
«Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը», — ասված էր գրառման մեջ։
Միրզոյան-Չավուշօղլու առաջին հանդիպման մասին
Հայաստանի արտաքին գերատեսչությունը նախապես չէր հայտնել, թե ում հետ է հանդիպելու նախարար Միրզոյանը Անթալիայում, հայտարարվել էր, որ «տեղի են ունենալու մի շարք հանդիպումներ գործընկերների հետ»։
Նախօրեին հաղորդվեց, որ հնարավոր է հանդիպեն ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարները։ «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ Չավուշօղլուի հետ հանդիպումը Միրզոյանը «շփվել է նաև հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ»։
Մարտի 11-ին կայացած արտգործնախարարների հանդիպմանը նախարար Միրզոյանի հետ միասին ներկա է եղել նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2021 թ․ դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Անկարան հատուկ ներկայացուցիչ նշանակեց Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Քըլըչն ու Ռուբինյանն արդեն երկու հանդիպում են ունեցել՝ հունվարի 14-ին Մոսկվայում և փետրվարի 24-ին Վիեննայում։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին հրավերի համար։ ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին։
«Արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք էին, որ կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանին», — ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Թուրք պաշտոնակցի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարը հանդես է եկել նույնաբովանդակ հայտարարությամբ։
«Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը` հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով, առանց որևէ նախապայմանի։ Եվ մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ», — ասել է Արարատ Միրզոյանը։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը մոտ ապագայում հայ-թուրքական բանակցություններում դրական արդյունքներ տեսնելու հույս է հայտնել։
«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում, համենայն դեպս Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ ու կայուն տարածաշրջան, կա», — ընդգծել է Միրզոյանը։
Հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին հրավերն ընդունելու և ֆորումին մասնակցելու համար։
«Մեր հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրք նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը ևս դրական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․
«Վերջերս ես Բաքվում էի: Ադրբեջանը նույնպես աջակցում է այդ գործընթացին: Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում բոլորի շահերից են բխում։ Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր ջանքերը»։
Երկկողմ հանդիպումների մասին
Մինչ այս պաշտոնական Երևանը հաղորդել էր Արարատ Միրզոյանի՝ Անթալիայում կազմակերպված երկու հանդիպումների մասին՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Շալենբերգի հետ։
Երկկողմ համագործակցության օրակարգային հարցերից բացի, Միրզոյանը զրուցակիցների հետ քննարկել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և խաղաղ բանակցությունների վերսկսման թեման։
ՀՀ ԱԳ նախարարը գործընկերներին ներկայացրել էր ադրբեջանական ԶՈՒ կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Լավրովի ու Շալենբերգի հետ զրույցներում Միրզոյանն անդրադարձել էր նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: Այլ մանրամասներ պաշտոնական Երևանը չի հաղորդել։
Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանում պահվող գերիների վերադարձին, Արցախում հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։
Անթալիայի ֆորումի մասին
Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվում է երկրորդ անգամ։ «Վերաձևելով դիվանագիտությունը» խորագրով ֆորումի պատվավոր հյուրերի թվում են ՆԱՏՕ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։
Համաժողովին մասնակցում են ավելի քան 2000 առաջնորդներ՝ դիվանագետներ, վերլուծաբաններ, գործարարներ և ոչ միայն:
Օրակարգում տարածաշրջանային ու համաշխարհային նշանակության հարցեր են՝ ահաբեկչության դեմ պայքար, կլիմայական փոփոխություններ, պարենային և էներգետիկ անվտանգություն, արհեստական բանականություն, խտրականության դեմ պայքար, համավարակից հետո առաջ եկած մարտահրավերներ և այլն։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ մեկ նախարարական հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Կարծում է՝ արտգործնախարարի այցն Անթալիա, հանդիպումը Չավուշօղլուի հետ, պետք է դիտարկել որպես «կարևոր օղակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»։
«Գործընթացն ինքնին ամենակարևոր հետպատերազմյան նախաձեռնությունն է։ Այն կարող է փոխել Հայաստանի ծանրագույն վիճակը», — JAMnews-ի հետ զրույցում շեշտեց Քոչինյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ միամտություն է կարծել, թե Հայաստանը կկարողանա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առանց դրանք Ադրբեջանի հետ կարգավորելու․
«Թուրքիան ձգտելու է փաթեթային լուծման, այսինքն՝ ձգտելու է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն զուգահեռ և նույն արագությամբ, ու կապելու է մեկը մյուսի հետ»։
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն, ըստ Քոչինյանի, Հայաստանը պետք է դիտարկի որպես հնարավորություն․
«ՀՀ պետականության ամենակարևոր խնդիրներն են այս պահին, այն հնարավորություններն են, որոնք ճանապարհ կբացեն մեր պետականության հարատևության համար, հակառակ դեպքում՝ միջնաժամկետ կտրվածքով մեր պետականությունը վտանգված է», — ընդգծեց քաղաքագետն ու հավելեց, որ կարգավորումն ավելի շատ Հայաստանին է պետք, քան Թուրքիային կամ Ադրբեջանին։
Հարցին՝ արդյո՞ք «առանց նախապայմանների» ձևակերպումը ենթադրում է, որ Հայաստանը ներկայացրել է իր «կարմիր գծերը»՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, ԼՂ կարգավիճակ, քաղաքագետը պատասխանել է՝ նշելով, որ Հայաստանը չի կարող կարմիր գծերի մեջ ներառել բաներ, որոնց վրա ազդեցություն չունի։
«Ադրբեջանը 44-օրյա պատերազմում առնվազն հասել է նրան, որ Արցախում այլևս ՀՀ Զինված ուժեր չկան, ինչը նշանակում է, որ Հայաստանը գրեթե զրոյական ազդեցություն ունի Արցախի ապագա քաղաքական կարգավիճակի վրա։
Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, չեմ կարծում, թե Թուրքիան նման պահանջ դնի Հայաստանի առջև։ Ճանաչման շարժիչ ուժը ՀՀ-ն չէ, այլ Սփյուռքը»,- նշեց Քոչինյանը։