Քուրդ ակտիվիստ, Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է Հայաստանի սահմանն ու ձերբակալվել
Թուրքիայի քաղաքացի Ջևրիե Օքույուջուն հատել է Հայաստանի պետական սահմանն այլ անվամբ, կեղծ անձնագրով և ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից:
Վանաձորի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի տվյալների համաձայն՝ Օքույուջուն քուրդ ակտիվիստ է: Թուրքիայից փախչելու պատճառն իշխանությունների կողմից հետապնդումներն են քաղաքական հայացքների համար: Ջևրիե Օքույուջուն Թուրքիայի քրդական «Ժողովրդական դեմոկրատական կուսակցության» անդամ է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունում ասված է.
«Մեր կազմակերպություն են դիմել Թուրքիայի մեր գործընկերները՝ հայտնելով, որ Թուրքիայի քաղաքացի Ջևրիե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Ջևրիե Օքույուջուն, ըստ մեզ հասած տեղեկությունների, նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արևմտյան այլ երկիր»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է նաև, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են Ջևրիեին հանձնել Թուրքիային.
«Նրան վերադարձնելը Թուրքիա վտանգավոր կլինի նրա ազատության և անձեռնմխելիության համար: Քանի որ առկա է նրա վերաբերյալ ձերբակալման որոշումը, ապա նա անհապաղ կձերբակալվի և կարող է ենթարկվել կտտանքների ազատազրկման ժամանակ:
Թուրքիային նրա արտահանձնումը կհանդիսանա ՀՀ իշխանությունների կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պնդում է, որ Հայաստանի իշխանություններն Օքույուջուին Թուրքիային չհանձնեն և թույլ տան նրան առանց խոչընդոտների երրորդ երկիր մեկնել:
«Քաղաքական հայացքների համար հետապնդումներն, անմարդկային վերաբերմունքը ազատազրկման վայրերում, որոնք մենք տեսնում ենք Թուրքիայում, հիմք են, որպեսզի Հայաստանն այդ քաղաքացուն չհանձնի Անկարային», — կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
JAMnews-ի հետ զրույցում իրավապաշտպանը հայտնել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ արտասահմանյան քաղաքացին Հայաստան է փախչում ապաստան ստանալու նպատակով.
«Նախկինում էլ են Հայաստան եկել: Իսկ այստեղ, օրենքով առաջնորդվելու փոխարեն, այդ մարդկանց, ինչպես և Թուրքիայի քաղաքացուն, ձերբակալել են: Չի կարելի ձերբակալել մարդուն, որը քաղաքական ապաստան է խնդրում»: