«Թեստերի շուրջ 30 տոկոսը դրական արդյունք է տալիս» - Հայաստանի առողջապահության նախարար
Հուլիսի 7-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 349–ով և դարձել 29 285:
Մահացել է ևս 12 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 503-ի։
Առողջացել է ևս 605 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 16 907։ Շարունակում են բուժում ստանալ 11 711-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 125 088 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 273:
● Հայաստանի վարչապետի գործունեությունից գոհ է բնակչության մեծ մասը․ GALLUP International–ի հարցում
● Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման հերթում է
Հուլիսի 6-ին պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաղորդել է, որ կորոնավիրուսի տարածման ցուցանիշը Հայաստանում մնում է նույնը՝ թեստերի շուրջ 30 տոկոսը դրական արդյունք է տալիս․
«Լավ է, որ տոկոսային ցուցանիշը կայուն է, բայց վատ է, որ բացարձակ թվերը մնում են բարձր»։
Նախարարի խոսքով, հուլիսի 6-ի դրությամբ առողջապահության համակարգն ապահովված է 2660 մահճակալով, որոնցից 2300-ը սովորական են, մոտ 300-ը՝ վերակենդանացման: Կայուն պահպանվում է նաև ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը, խոսքը 650 մարդու մասին է, որոնցից 47-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերին։
Արսեն Թորսյանը հայտնեց նաև, որ այս պահին չկան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնք դուրս են մնում բժշկական հաստատություններից։ Ընդհանուր առմամբ, նա գնհատում է իրավիճակը դժվար, բայց կայուն։
Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգը չի կարողանում այլևս, ի վիճակի չի թեկուզ այսպիսի ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմի և ընդհակառակը՝ ավելի խիստ սահմանափակումներ կիրառել այս իրավիճակը հաղթահարելու համար»։
Վարչապետը չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը ստիպված կլինի չորրորդ անգամ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը։