Թբիլիսյան խանութներում վաճառվող կիսաֆաբրիկատներում ձիու և ավանակի միս են հայտնաբերել
Պարենային անվտանգության ծառայությունը թբիլիսյան խանութներում վաճառվող մի շարք կիսաֆաբրիտակներ՝ խնկալի, քյաբաբ, քյուֆթա, նրբաբլիթներ և բաստուրմա է վերցրել անալիզի համար: Արդյունքում՝ 20-ից 9-ը նմուշներում առկա է եղել ձիու և ավանակի միս:
Յոթ ընկերություններ, որոնք տավարի և խոզի մսի անվան տակ սպառողներին են վաճառել ձիու և ավանակի միս և դրանից պատրաստված կիսաֆաբրիկատներ, տուգանվել են հազարական լարիով:
Սա առաջին դեպքը չէ, երբ Պարենային անվտանգության ծառայությունը ձիու և էշի միս է գտնում այնտեղ, որտեղ այն չպետք է լինի՝ պիտակների վրա նշված բաղադրության համաձայն: 2017թ-ի դեկտեմբերի 19-ին այդպիսի խախտումների համար տուգանվել է 12 բիզնես-օպերատոր:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ ձիու և ավանակի մսի իրացումն արգելված չէ, սակայն մսի այդ տեսակների մասին պետք է պիտակների վրա նշում լինի: Սակայն արտադրողները չեն անում դա, քանի որ մսի այդ տեսակները Վրաստանում պոպուլյար չեն, և ոչ ոք չի ցանկանա «էշի մսից խնկալի» կամ «ձիու մսից քյուֆթա»: Վրաստանում այդ կենդանիների միսը որպես սնունդ չի օգտագործվում:
Պարենի ազգային գործակալությունն նման հետազոտություններ անցկացնում է 2017թ-ի մարտից: Պատրաստի ուտեստների և այլ մթերքի նմուշները վերցվում են հասարակական սննդի կետերից և անալիզի ենթարկվում հավաստագրված լաբորատորիաներում: Գործակալության աշխատանքի ողջ ընթացքում մի քանի խախտում է հայտնաբերվել: Ըստ փորձագետների՝ Վրաստանում սահմանված տուգանքներն աննշան են, պատժամիջոցները՝ ոչ այնքան խիստ, այդ պատճառով էլ զսպող գործոն չեն անբարեխիղճ գործարարների համար: