Թբիլիսիում խորհրդարանի մոտ ցույցի հավաքվածներին հանդիպելու է եկել վարչապետը: Մարդիկ նրան վռնդել են
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անձամբ է եկել խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ցույցին, որը կազմակերպել էր Զազա Սարալիձեն՝ նախորդ տարվա դեկտեմբերին սպանված 16-ամյա դեռահասի հայրը: Սակայն վարչապետին թույլ չեն տվել խոսել: Մարդիկ սկսել են սուլել և պլաստիկ շշեր նետել նրա ուղղությամբ:
«Հեռացի՛ր», — վանկարկել է ամբոխը:
Կառավարության ղեկավարը, բարձրախոսը ձեռքին, մի քանի անգամ փորձել է դիմել ցուցարարներին և բացատրել նրանց, թե ինչպիսի քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի անչափահաս Դավիթ Սարալիձեի սպանությունից 6 ամիս անց գտնի և պատժի նրանց, ովքեր սպանել են տղային:
Ամբոխն անընդհատ ընդհատում էր նրան և թույլ չէր տալիս խոսել:
«Դուք եկել եք կրկին մեզ խաբելու», — բղավում էին մարդիկ:
Երկար դադարից հետո Կվիրիկաշվիլին սկսեց բացատրել հավաքվածներին, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան օրենքի շրջանակում: Նա խոստացավ, որ սպանության հետաքննությունը նորովի է սկսկվելու՝ արդեն ոչ թե դատախազությունում, այլ Վրաստանի ՆԳՆ-ում:
Սակայն մարդիկ էլ ավելի բարձր սկսեցին սուլել և վանկարկել՝ «Հեռացի՛ր»: Վարչապետի ուղղությամբ սկսեցին շշեր նետել: Անվտանգության աշխատակիցները նրան դուրս բերեցին խորհրդարանի առջևի հրապարակից:
Դրանից հետո խոսեց սպանված դեռահասի հայր Զազա Սարալիձեն:
Նա դիմեց ցուցարարներին և ասաց, որ վարչապետը ցույցի է եկել ոչ թե նրա համար, որպեսզի իրեն ցավակցություն հայտնի, այլ որպեսզի «ևս մեկ անգամ խաբի»:
Իրավիճակը խորհրդարանի մոտ շարունակում է լարված մնալ: Ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ: Նրանք ասում են, որ վրաններ են տեղադրելու: Նրանք պնդում են, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: