Թբիլիսիում երեխաներին պոռնկագրության մեջ ներքաշելու մեղադրանքով 11 մարդ է ձերբակալվել։ Այդ թվում՝ երեխաների ծնողները
Թբիլիսիում ձերբակալվել են Վրաստանի, ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիներ, որոնք անչափահասների առևտրով են զբաղվել և նրանց պոռնոգրաֆիկ լուսանկարներն արել։
Ընդհանուր առմամբ 11 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ երեխաների ծնողները, որոնց համաձայնությամբ գործել են արտասահմանյան քաղաքացիները։
ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիները Թբիլիսիում բնակարան են վարձակալել, որտեղ լուսանկարչական ստուդիա են սարքել։ Նրանք երեխաների պոռնոգրաֆիկ լուսանկարներն են արել, այնուհետև վաճառել դրանք արտասահմանում։
•Թուրքիա․ սեռական բռնություն երեխաների դեմ
•Կյանքը բռնաբարությունից հետո։ 22-ամյա Սալոմե Զանդուկելիի պատմությունը
•Սեռական կրթությունը Վրաստանում․ ո՞վ է դեմ, որ դպրոցներում հնչի «սեքս» բառը
Այս պահի դրությամբ նվազագույնը տասն անչափահաս աղջիկ է հայտնաբերվել, որոնք ներքաշվել են այդ գործունության մեջ։ Նրանք 8-14 տարեկան են։ Այդ մասին իմացել են նաև երեխաների ծնողները։ Նկարահանումներն անցկացվել են նրանց համաձայնությամբ, դրա դիմաց նրանք ստացել են 500-3000 լարի։ Հաշվարկը կատարվել է ինչպես կանխիկով, այնպես էլ բանկային փոխանցումներով։
Ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, հետաքննությունը մի քանի ամիս է տևել, և վրացի իրավապահ մարմինների հետ միասին դրանում ներգրավված են եղել նաև Եվրոպոլի, ինչպես նաև ԱՄՆ և Ավստրալիայի համապատասպան կառույցների աշխատակիցները։
Ձերբակալվել են ԱՄՆ 58-ամյա և Ավստրալիայի 61-ամյա քաղաքացիներ։ Մնացածները Վրաստանի 30-41 տարեկան քաղաքացիներ են։ Վրաստանի ձերբակալված քաղաքացիների թվում են երեխաների ծնողներն, ազգականներն ու մտերիմներն, անգամ ապօրինի ֆոտոսալոնի տերերն ու աշխատակիցները։
Քննությունը պարզել է նաև, որ պոռնո-լուսանկարների համար փոխանցված միջոցներն ԱՄՆ քաղաքացին Թբիլիսիում կանխիկացրել է կրիպտոմատներով։
Ոստիկանությունը խուզարկել է վարձակալված լուսանկարչական ստուդիաները։ Որպես հանցանշան առգրավվել են թանկարժեք ֆոտոխցիկներ, լուսավորման սարքեր, ռեկվիզիտ և համակարգչային տեխնիկա։ Առգրավվել են նաև պոռնո-լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում նկարահանվել են երեխաները։
ՆԳՆ ճեպազրույցում նշվել է, որ տուժած երեխաների հետ հոգեբաններ են աշխատում։
Մեղքը հաստատվելու դեպքում ձերբակալվածներին սպառնում է 17-20 տարվա կամ անժամկետ ազատազրկում։
ՆԳՆ տվյալներով՝ դեպքի առթիվ իր դիրքորոշումն է հայտնել նաև ԱՄՆ-ն։
«Մասնավորապես, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկության համաձայն, սա միջազգային համակարգված իրավապահ միջոցառում է մի քանի երկրների մասնակցությամբ, այն պետք է նախազգուշացում լինի բոլոր նրանց համար, ովքեր երեխաներին վնաս են հասցնում, այն մասին, որ իրավապահ մարմինները համատեղ ջանքերով միջազգային մակարդակով միշտ կարող են նրանց նույնականացնել, ձերբակալել և պատասխանատվության ենթարկել։
Միաժամանակ, ԱՄՆ Իմիգրացիոն և մաքսային գերատեսչության (ICE) անվտանգության ներքին քննչական ծառայությունը (HSI) միշտ և ամենուր շարունակելու է երեխաների պաշտպանության իր պարտականությունները կատարել աշխարհի ցանկացած կետում այն մարդկանցից, որոնք չարաշահում են երեխաների անպաշտպանությունը», — հայտարարվել է ՆԳՆ ճեպազրույցում։