Թբիլիսիում անկախ հեռուստաընկերության լրագրողների վրա երկրորդ հարձակումը տարվա սկզբից ի վեր
Հարձակում լրագրողների վրա Թբիլիսիում
Ապրիլի 9-ի գիշերը Թբիլիսիում կատարված հարձակման ժամանակ վրացական անկախ «Ֆորմուլա» հեռուստաընկերության աշխատակիցներից մեկը ծեծի է ենթարկվել։ Հարձակման ընթացքում, երբ արդեն պարետային ժամ է եղել (գործում է կորոնավիրուսի համավարակի պատճառով, երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 5:00) հեռուստաընկերության մյուս աշխատակցին վրաերթի են ենթարկել:

Միջադեպին արձագանքել է ԱՄՆ դեսպանատունը և պահանջել դեպքի մանրակրկիտ հետաքննություն: Ինչպես դեսպանատան հայտարարության մեջ, այնպես էլ սոցցանցերում զայրացած հաղորդագրությունների աղմուկը հիշեցնում է 2021-ի փետրվարին այդ հեռուստաալիքի լրագրող Վախո Սանայայի վրա հարձակումը: Այդ գործով կալանավորվել է երեք մարդ:
«Լրագրողների վրա հարձակումներն անընդունելի են, ժողովրդավարական երկրներում նրանք պետք է լինեն ազատ և կարողանան ապահով աշխատել»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Հեռուստաալիքի աշխատակիցների վրա հարձակումները երկրում սուր քաղաքական ճգնաժամի արդյունք են, կարծում է հեռուստաընկերության տնօրեն Զուկա Գումբարիձեն.
«Մեքենայի վրա կան հեռուստաալիքների լոգոներ, խոսափողներ, և այն վանդալիզմի է ենթարկվել: Ապակիները կոտրվել են, վարորդը դաժան ծեծի է ենթարկվել: Այս ամենը խոսում է ոչ միայն քրեական հանցագործության մասին»:
Վրաստանի Լրագրողական էթիկայի խարտիան «Ֆորմուլա» հեռուստաընկերության աշխատակիցների վրա հարձակումը կապում է կառավարության ագրեսիվ հռետորաբանության հետ.
«Վերջին շրջանում, ընդհանուր առմամբ, հաճախակի են դարձել ագրեսիայի և անկախ լրագրողների դեմ հարձակումների դեպքերը, ներառյալ նրանց, ովքեր ակտիվորեն համագործակցում են Խարտիայի հետ: Իրավապահ մարմինների կողմից լրագրողների վրա հարձակման դեպքերն ամոթալի արձագանք են լրատվամիջոցների կողմից հնչող քննադատություններին»,- հայտարարել է Խարտիան:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է մեքենան վնասելու հետաքննությունը սկսելու մասին, բայց չի նշել մարդկանց վրա կատարված հարձակումների մասին: