Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ. այրված «Մանկական աշխարհը» պետք է ապամոնտաժվի
«Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնի շենքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում շենքն ուժեղ վնասվել է և մասամբ փլուզվել: Շենքի մնացած մասի փլուզման վտանգ է պահպանվում:
Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գեորգի Ալիբեգաշվիլին հայտարարել է, որ «Մանկական աշխարհի» շենքն ամբողջությամբ դեֆորմացվել է: «Ցավոք, ներս մտնել դեռևս չի հաջողվում, քանի որ բետոնե սալիկները վնասված են և կարող են փլվել ցանկացած պահի: Հավանաբար շենքը պետք է ապամոնտաժել», — ասել է Ալիբեգաշվիլին:
13 հազար կառակուսի մետր մակերես ունեցող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում տասնյակ ձեռնարկատերեր են տուժել: Վնասի հստակ գումարը դեռևս հայտնի չէ: Փաստացի ամբողջությամբ ոչնչացվել է այսպես կոչված «Ոսկու բորսան», որտեղ ոսկի և թանկարժեք իրեր էին վաճառում:
Փրկարարական ծառայության ներկայացուցիչների խոսքով, շենքում գտնվող թանկարժեք իրերն անվտանգ վայրում են: Սակայն դեռևս փորձագետները չեն կարող մտնել շենք, դա հնարավոր կլինի միայն մի քանի ժամից, երբ հրդեհի վայրում ջերմաստիճանն իջնի: Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի չվնասված գույքի տարհանում սկսել:
Շենքում մնացած ոսկու պատճառով փոքր կոնֆլիկտ ծագեց քաղաքապետարանի ներկայացուցիչների և ձեռնարկատերերի միջև: Տուժածներն իշխանությունից պահանջեցին շենքը պահպանման տակ առնել չհրկիզվող պահարաններից թանկարժեք իրերի կորստից խուսափելու համար:
Դեպքի վայր է այցելել Թբիլիսիի փոխքաղաքապետ Լաշա Աբաշիձեն: Նրա խոսքով, քաղաքային իշխանությունները կհանդիպեն շենքի սեփականատերերի և տուժածների հետ օգնության հնարավոր տարբերակները քննարկելու համար:
Սակայն, ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան, քաղաքային բյուջեն չի փոխհատուցելու վնասները: Հրդեհի պատասխանատվությունը նա դրել է առևտրի կենտրոնի ադմինիստրացիայի վրա: Ինչպես հայտարարել է «Մանկական աշխարհի» գործադիր տնօրեն Գեորգի Մաչավարանին, ադմինիստրացիան իր վրա է վերցնում տեղի ունեցածի պատասխանատվությունը և սպասում հետաքննության արդյունքներին: Նրա տվյալներով՝ վնասը մի քանի միլիոն լարի է կազմում:
Ինչ վերաբերում է հետաքննությանը, ՆԳ փոխնախարար Մերաբ Մալանիայի խոսքով, դեռևս հայտնի չէ հրդեհի պատճառը: Սակայն նա նշեց, որ ամենայն հավանականությամբ հրդեհման օջախը շենքից դուրս է եղել:
Սեփականատերերի վնասն, ըստ ամենայնի, կփոխհատուցի ապահովագրությունը: Ինչպես հայտարարել են Ալդագի ապահովագրական ընկերությունում, իրենց մոտ ապահովագրված է կենտրոնի շենքը, սակայն ոչ գործարարների գույքը: Շենքն ապահովագրված է 6 մլն լարիով:
«Մանկական աշխարհում» հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 3-ին: Հրդեհվել է ողջ շենքը: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 250 հոգանոց 31 հրշեջ անձնակազմ: Հրդեհի մարման ընթացքում վնասվածքներ են ստացել 2 հրշեջներ: