Թբիլիսիի սակրեբուլոյի մոտ ընդդիմության անցկացրած ակցիայի ժամանակ երկու մարդ է ձերբակալվել
Լուսանկարը՝ Թաբուլայի
Թբիլիսիի սակրեբուլոյի մոտ «Ազգային շարժման» կազմակերպած ակցիան վերաճել է ցուցարարների և ոստիկանության միջև դիմակայության և բախումների:
Ակցիայի մասնակիցները բողոքում են քաղաքային իշխանությունների այն ուղղակի հրահանգի դեմ, որ Թբիլիսիի կենտրոնում երկու տարածք պետք է փոխանցվի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ կապված ընկերություններին:
Թբիլիսիի սակրեբուլոն պլանավորում էր համապատասխան որոշում կայացնել, որի համաձայն՝ Իվանիշվիլի հետ կապված ընկերություններն այդ տարածքները խորհրդանշական մեկ լարի գնով ստանային:
Սակրեբուլոյի շենքը պահպանվում է ոստիկանության ուժեղացված խմբերով: Շենք չեն թողնում «Ազգային շարժման» պատգամավորներին:
Վարչական իրավախախտումների մեղադրանքով ձերբակալվել է ակցիայի երկու մասնակից: Նրանց թվում է «Ազգային շարժման» մեծամասնական պատգամավոր Կոտե Իոսելիանին:
Իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հայտարարում են, որ ընդդիմությունն ապակառուցողական գործողություններով փորձում է դեբոշ սարքել:
«Մենք որոշումներ ենք կայացնում ի շահ թբիլիսցիների: Հետևաբար, ոչ ոք իրավունք չունի ապակառուցողական գործողություններ կատարել: Այստեղ է գտնվում ինքնակառավարման գլխավոր մարմինը», — հայտարարել է սակրեբուլոյի փոխնախագահ Գիորգի Թկեմալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետարանը հաստատել է Իվանիշվիլիի հիմնած ընկերություններին հող փոխանցելու մասին որոշումը: Այժմ նույնը պետք է անի նաև Թբիլիսիի սակրեբուլոն:
Խոսքը գնում է երկու տարածքի մասին՝ Ազատության հրապարակի 1900 քառ. մ մակերեսով ստորգետնյա ավտոկայանատեղիի և Տաբորի սարի վրա գտնվող 4433 քառ.մ մակերեսով հողակտորի մասին:
Իվանիշվիլիի հետ կապ ունեցող ընկերություններին տարածքներ փոխանցելը բողոքարկում է ոչ միայն ընդդիմությունը: Թբիլիսիի սակրեբուլոյի շենքի մոտ են գտնվում քաղաքացիական հասարակության, ինչպես նաև «Պարտիզանական այգեգործություն» «կանաչ շարժման» ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ինչն էլ ավելի է սրում իրավիճակը, որը ստեղծվում է Թբիլիսիի քաղաքապետարանի և սակրեբուլոյի շուրջ: