«Թաղեք մի փոսում, թող մեռնի». Չեչնիայի նախագահը կարանտինը խախտողներին հավասարեցրեց ահաբեկիչներին
Ռուսաստանի կազմում գտնվող Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պահանջել է մեկուսացնել և խստորեն պատժել կարանտինային ռեժիմը խախտողներին՝ նրանց հավասարեցնելով ահաբեկիչներին: Ինչպես հայտնում է «Կավկազսկի ուզել» կայքը, Չեչնիայի նախագահն այդ մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի իր կողմից ստեղծված շտաբի նիստի ժամանակ:
«Տեղեկատվություն ստացվեց, որ այն մարդիկ, ովքեր պետք է կարանտինում լինեին, գտնվել են Գրոզնի քաղաքի կենտրոնում: Նման մարդկանց պետք է ձերբակալել… (պահել) հետաքննական մեկուսարանում, մեկ այլ լքված տեղ, փակել ամրոցի վերևում, որպեսզի ներսում ցուրտ լինի, և այնտեղ պահել առանց սննդի»,- հայտարարել է Չեչնիայի նախագահը:
Ռամզան Կադիրովին զայրացրել է այն մարդկանց արարքը, որոնք, ըստ նրա, գիտեին իրենք վարակվածլինելու մասին, բայց շարունակել են վտանգել այլ մարդկանց:
«Մտածված, ամեն ինչ իմանալով, դուրս է եկել մարդկանց մեջ և հանգիստ քայլում է: Նրան հողում, մի փոսի մեջ թաղել, թողնել նրան այնտեղ մեռնի, եթե նրա համար միևնույն է իմ ժողովրդի ճակատագիրը […] Ինչո՞ւ ենք մենք ոչնչացնում ահաբեկիչներին, ձերբակալում, նստեցնում: Որպեսզի նրանք չսպանեն մարդկանց, որպեսզի նրանք չպայթեցնեն օբյեկտները, որպեսզի նրանք չխախտեն հասարակական անդորրը: Ահաբեկիչը կարող է սպանել մի քանի մարդու, իսկ այս վարակվածը կարող է սպանել տասնյակ հազարների»:
Չեչնիայի որոշ բնակիչներ գտնում են, որ հանրապետության ղեկավարի սպառնալիքները միանգամայն իրական են:
«Փակի տակ նստեցնել, պահել առանց սննդի և ջրի՝ միանգամայն հնարավոր է: Նրանք, ովքեր ուժայինների ձեռքն են ընկել՝ ինչ-որ հանցագործություններ կատարելու կասկածանքով, լավ գիտեն, թե ինչպես և ինչ է տեղի ունենում այնտեղ»,- «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին ասել է Չեչնիայի բնակչուհի Մարետը:
«Նա ահաբեկիչների հետ համեմատեց թմրամոլներին, նրանց, ովքեր չեն հետևում երթևեկության կանոններին, լրագրողներին և բլոգերներին, ովքեր հրապարակել էին այնպիսի բաներ, որոնք իշխանություններին դուր չեն եկել: Այժմ ահա այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում կորոնավիրուսի կարանտինը, ընդգրկված են այդ կատեգորիայում: Անկեղծ ասած՝ ես վախենում եմ այդ մարդկանց համար»,- ասել է Չեչնիայի մեկ այլ բնակչուհի Մալիկան:
Չեչնիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը հինգ դեպք: